«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը շուտով կլքի պաշտոնը: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մեր աղբյուրները: Ասում են, թե նրա պաշտոնանկության պատճառն առողջական խնդիրներն են:
Ամենահետաքրքիրը, սակայն, ապագա դեսպանի պաշտոնի հնարավոր հավակնորդների անուններն են: Առայժմ հստակ չէ, թե ով կփոխարինի Արմեն Խաչատրյանին, շրջանառվում են մի քանի անուններ, օրինակ՝ Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանի, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի: Նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը: Նշենք, որ Արմեն Խաչատրյանը Բելառուսում ՀՀ դեսպան է 2010 թվից»: