Որքանո՞վ է իրականում նվազել Հայաստանից Ռուսաստան արտահանումը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ նվազել է 47.6 անգամ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում դեպի ՌԴ արտահանել ենք 65.3 միլիոն դոլարի ապրանք, այս տարվա առաջին եռամսյակում՝ 1.4 միլիոն դոլարից էլ քիչ: Ազգային վիճակագրական ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը եռամսյակի ընթացքում բազմիցս պարզաբանել են, որ այս խայտառակ ցուցանիշները պայմանավորված են ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և այդ տվյալները հետագայում ենթակա են ճշգրտման: Արդեն 5-րդ ամիսն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն մեզ հորդորում են էլի սպասել՝ արտաքին առևտրի ճշգրտված թվերն իմանալու համար:

Սակայն սպասելու անհրաժեշտություն չկա, որովհետև ՀՀ-ՌԴ արտաքին առևտրի տվյալները կարելի է գտնել նաև Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներում: Այսպես, ՌԴ մաքսային ծառայության տվյալներով՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից ներմուծումը կազմել է 60.8 միլիոն դոլար (ՀՀ տփալներով՝ 65.3 միլիոն դոլար էր): Իսկ այս տարվա առաջին եռամսյակում, ըստ ՌԴ մաքսային ծառայության, Հայաստանից ներմուծումը կազմել է 24.1 միլիոն դոլար: Այն, ինչը ռուսների համար ներմուծում է, մեզ համար՝ արտահանում է: Ու ստացվում է, որ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 2.5 անգամ: Ընդ որում, որևէ տեղ չի նշվում, որ տվյալները թերի են, ինչից կարելի է ենթադրել, որ սրանք վերջնական և ճշգրտված թվեր են: Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանը տիրապետում է Հայաստանից իր երկիր մտած ապրանքների ցուցանիշներին, իսկ Հայաստանը՝ ոչ, գրեթե անհնար է պատասխանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս