«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջգերատեսչական տարաձայնություններին, սակայն, ինչպես նկատում ենք, բանը հասել է այնտեղ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը դատախազի կայացրած որոշման համար դիմել է դատարան:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ մարտի 20-ին Շիրակի մարզի Ողջի համայնքում ոչխարի գողության դեպք էր արձանագրվել: Ինչ-որ մարդիկ մտել էին գյուղի բնակիչներից Սարգիս Ավագյանի անասնագոմ եւ շուրջ 490.000 հազար դրամի արժողությամբ 6 գլուխ ոչխար գողացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով եւ զգալի չափերով գաղտնի հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ու մինչ քննիչը կհասցներ անցնել իր գործողություններին` հասկանալով, թե ով կամ ովքեր են փորձել վատություն անել Սարգիս Ավագյանին` գողանալով նրա ոչխարները, զարմանալի շրջադարձ է տեղի ունեցել: Պարզվում է, որ մարտի 27-ին հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանը որոշում է կայացրել քրեական գործը քննող քննիչին հեռացնել վարույթից: Իսկ թե ինչու, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Եւ, ահա, քննիչն էլ այլ ելք չունենալով՝ դիմում է գրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ փորձել դատարանի միջոցով արդարության հասնել: Այս դեպքը աննախադեպ է այնքանով, որ առաջին անգամ է քննիչը իրեն վերահսկող դատախազի որոշումը անհիմն համարում ու առավել եւս փորձում դատարանով արդարության հասնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: