“Հայաստանի Հանրապետական կուսակցության” և “Բարգավաճ Հայաստան” կուսակցության միջև իրական հակասություններ գոյություն ունեն, և այս հանգամանքը կարող է հանգեցնել իրական մարտահրավերների, երբ կուսակցություններն առաջադրեն նախագահի իրենց թեկնածուներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր համոզմունքը հայտնեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
“Բայց իրականում չգիտեմ, թե ինչ են մտածում այս կուսակցությունները, եթե, իհարկե, մտածում են: Արդեն անցել է այն կետը, որ սա նման էր թատրոնի: Առաջիկա նախագահական ընտրությունները, այս առումով, տարբեր կլինեն նախորդ նախագահական ընտրություններից, երբ մենք ունեինք կեղծ թեկնածուներ՝ ինչպիսին էր Արտաշես Գեղամյանը կամ անհույս թեկնածուները”,- ասաց նա և նշեց, որ այս դեպքում մենք տեսնում ենք իրական մրցակցություն:
Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ եթե անգամ ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրի, ապա, այնուամենայնիվ, հակասությունը իրական է, ապացույցն էլ՝ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործն է:
Անդրադառնալով “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի և ԲՀԿ–ի հարաբերություններին և նրանց միջև հնարավոր դաշինքի ստեղծմանը, քաղաքագետը նշեց, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի “պարը”միանշանակ տանգո չէ:
“Տանգոն պահանջում է երկու կողմ: Պարողներից մեկը չի ցանկանում պարել: Ես կասկածամիտ եմ նմանատիպ դաշինքի ձևավորմանը, քանի որ ուժեղ անհատներ են ներգրավված: Հայաստանի քաղաքական պատմությունից մի բան պետք է սովորենք, որ երբեք անակնկալ կամ անսպասելի դաշինքներ չեն ձևավորվել”,- ասաց նա: