Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:
ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցներին ողջունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման հանդիսավոր նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարար Ա. Աշոտյանը բացման խոսքում նշել է, որ երեք տարի առաջ Բուխարեստում եվրոպական երկրների կրթության նախարարները միաձայն քվեարկել են, որ Հայաստանը դառնա Եվրոպական կրթական տարածքի կենտրոն, իսկ մայրաքաղաք Երևանը Եվրոպական կրթական տարածքի 9-րդ մայրաքաղաք: ՀՀ ԿԳ նախարարը հանդես է եկել նաև ողջույնի խոսքով, որտեղ մասնավարապես նշել է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի հարգարժան մասնակիցներ, տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք ողջունել ձեզ Երևանում այս պատկառելի միջոցառման առիթով և հայտնել մեր գոհունակությունն ու շնորհակալությունը ձեր ներկայության և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը միասին կերտելու ցանկության համար:
Հուսով եմ երևանյան համաժողովը պատմական կլինի որպես փաստ. առաջին անգամ կազմակերպվելով Հայաստանում՝ այն ապացուցում է, որ եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է և իր ողջ աշխարհագրական սփռումով հավասար ներառում ունի ինչպես գործընթացի մեջ, այնպես էլ որոշումների կայացման առումով:
Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա:
Բոլոնիայի գործընթացն իր ողջ դժվարություններով ու մարտահրավերներով հանդերձ՝ հաջողված գործընթաց է: Այն բացառիկ նախագիծ է, որը միավորում է 47 եվրոպական երկիր: Այս նախագծի էությունը միայն կրթական չէ. դրա կարևորությունը նաև քաղաքակրթական է, այսինքն՝ բացառիկ հնարավորություն համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերունդ ձևավորելու համար: Կրթական ոլորտի բարեփոխումները հեշտությամբ չեն ընթանում և ոչ մի եվրոպական երկրում:
Ակնհայտ է, որ մեր միասին լինելու ցանկությունն այնքան ուժեղ և ընդգծված է, որ ունակ է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Այսօր եվրոպական կրթության առջև ծառացած խնդիրները, իհարկե, բազմազան են, և հենց այդ խնդիրներին լուծումներ տալու համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ Երևանում, որպեսզի արտահայտենք մեր հասարակությունների քաղաքական կամքը՝ վճռականություն և միասնականություն ցուցաբերելով կարևորագույն ոլորտ հանդիսացող կրթության հարցերում:
Եթե հակիրճ փորձենք խոսել խնդիրների մասին, ապա ակնհայտ է, որ կրթական գործընթացի կատարելագործմանը զուգահեռ՝ նկատի ունեմ տեխնիկական միջոցներ, մեթոդաբանություն, ունիֆիկացիա, պետք է չմոռանալ, որ կրթությունը նախևառաջ հոգի է, հոգի, որը խարսխված է համընդհանուր արժեքների վրա: Եվրոպական քաղաքակրթության առջև այսօր ծառացած բազմաթիվ մարտահրավերների լուծումները կարելի է գտնել հենց ժողովրդավարական, քաղաքացիական դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միաժամանակ համամարդկային արժեքների տարածքում գտնվող անհատների մեջ:
Կրթական ոլորտի բարեփոխումները, իհարկե, պահանջում են նաև քաղաքական կամք: Այս կամքի արտահայտման համար հարկավոր են լիդերներ. մենք վստահ ենք, որ գործընթացն ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ ընդհանուր եվրոպական կրթական տարածքում կարող էր առավել հաջողված լինել, եթե կրթության ոլորտի հետագա զարգացման խնդիրը դառնար համընդհանուր առաջնահերթություն:
Պակաս կարևոր չէ նաև իրականացված բարեփոխումների հանրային ընկալումը: Գաղտնիք չէ, որ անկախ առկա ակնհայտ ձեռքբերումներից, որոնք կարելի է թվարկել շատ երկար, այնուհանդերձ, հանրային կարծիքը երբեմն քննադատաբար է վերաբերվում տարբեր երկրներում իրականացվող կրթական բարեփոխումներին, ինչը նշանակում է, որ մենք ավելի լայն երկխոսության և համագործակցության, հասարակական կառույցների ավելի լայն ներգրավման խնդիր պետք է դնենք` փորձելով լավագույնս ներկայացնել հանրությանն ընթացող փոփոխությունների իմաստը, ցույց տալով յուրաքանչյուր քաղաքացու` իր հնարավոր շահը մեր ընդհանուր հաջողության մեջ: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքն ունիկալ է` որպես համաեվրոպական համագործակցության բացառիկ նմուշ և պետք է ընդունենք, որ այն համընդհանուր արժեք է: Բոլորս պետք է պահպանենք, ինչ կարողացել ենք ստեղծել:
Ունենալով հարցականներ զարգացումների հետ կապված, բայց երբեք չկասկածելով, որ այն նախաձեռնությունը, որ ցուցաբերվեց 1999 թվականին Եվրոպական հռչակագրի կնքման պահից, այդ միասնականությունը պետք է պահել և տարածել ինչպես աշխարհագրորեն` հարակից երկրների վրա, այնպես էլ մեր երկրների ներսում:
Ցանկանում եմ հատուկ ողջունել Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցներին և եվրոպական բոլոր երկրների անունից ասել, որ պատրաստակամ ենք կիսել մեր փորձը, արտահայտել մեր համագործակցելու ցանկությունը հարևան երկրների հետ` ստեղծելով ավելի ամուր կամուրջներ մեր հասարակությունների և երիտասարդության համար: Հուսով եմ, որ Երևանյան գագաթաժողովի աշխատանքները կավարտվեն արդյունավետ որոշումներով և կաշխատենք ոչ միայն այս երկու օրերի ընթացքում որոշումների կայացման, այլև հետագայում դրանք կյանքի կոչելու ուղղությամբ»:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նովրոչիչը, համանախագահող երկների նախարարները՝ Լատվիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն և Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուջի Գունարսոն: