ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 15-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճի նախասրահում տեղի կունենա «Հոգեբանական վերնիսաժ» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը:
«Հոգեբանական վերնիսաժ»-ի նպատակներն են հանրությանը իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տալ տարբեր մասնագիտացումներով ուսանողներին ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցային եզրերի ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
Միջոցառումը նախատեսում է պաստառների և տեսահոլովակների ցուցադրում, խորհրդատվություն, մոդելավորող իրավիճակների վերլուծություն, ուղեցույցների և մասնագիտական նյութերի տրամադրում, ուսուցողական միջոցառումներ:
Ցուցահանդեսի շրջանակներում այս տարի առաջին անգամ մասնակցելու են ինչպես հոգեբաններ, այնպես էլ այլ ոլորտի մասնագետներ:
Միջոցառման հատուկ հյուրն է «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանը:
Ներկայացված են լինելու հետևյալ ցուցափեղկերը.
- Կառավարման հոգեբանություն և մենեջմենթ,
- Մասնագիտական կողմնորոշում,
- Ապագա մասնագետը և աշխատաշուկան,
- Անձը և տեղեկատվական դաշտը,
- PR և գովազդ,
- Կարիերայի հոգեբանություն,
- Աշխատակազմի ընտրություն և համալրում: