Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը 60 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության  պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հանդիսությունը սկսվեց հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Հուշակոթողն օծեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը:
Զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դրեցին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զոհվածների հարազատներն ու գործընկերները: 
Շնորհավորելով պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակի կապակցությամբ՝  ոստիկանության պետը հատկապես  ընդգծեց  օրվա  ամենակարեւոր խորհուրդը՝ հավերժ է նրանց հիշատակը,  ովքեր իրենց արյամբ ավելի սրբացրին մեր հողը: “Մենք ոչ միայն կոթողներ պիտի կառուցենք, այլեւ արժանին մատուցենք մեր զոհված զինակիցների հիշատակին ու դրանով դաստիարակենք մեր սերունդներին”,- ընդգծեց ոստիկանության պետը: Իսկ պետական պահպանության  գլխավոր վարչության բարենորգված շենքի բացման արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը տրվեց զոհված ոստիկաններից մեկի մորը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջեց վարչության տարածքում, եղավ հրաձգարանում, ծանոթանացավ  տեխնիկական միջոցներին, դիտեց պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների ցուցադրական վարժանքները: Նա իր գոհունակությունը հայտնեց ծառայողների մարտական  պատրաստականության, կատարված աշխատանքի կապակցությամբ:
Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում  ոստիկանության պետի հրամաններով պարգեւատրվեցին պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը եւ մի  շարք աշխատակիցներ: Պետական պահպանության գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ էլ պարգեւատրվեցին ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից: Հանդիսավոր նիստն ավարտվեց պետական պահպանության գլխավոր վարչության 60-ամյա ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:




Լրահոս