Մայիսի 12-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ATHENA» նախագծի արդյունքների համեմատական հենանշման երկօրյա ֆորումը:
Եվրամիության «Տեմպուս» ծրագրի «ATHENA» նախագծի (Աջակցություն Եվրոպական հարևանության տարածքի բուհերի ինքնավարության ու կայունության ամրապնդմանը) ֆորումը նվիրված է Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի բուհական համակարգի ինքնավարությանը և կայունությանն առնչվող մարտահրավերների, նախագծի շրջանակներում այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքների, առկա խնդիրների համեմատական վերհանմանն ու վերլուծությանը:
Ֆորումի մասնակիցներին նախ ողջունեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը և ընդգծեց, որ «ATHENA» նախագիծը կարևոր է հայաստանյան բուհերի զարգացման համար: Այնուհետև նախագծի կարևորության, ինչպես նաև երկրների բուհական համակարգի ներկայիս վիճակի և արդեն իսկ գրանցված դրական արդյունքների մասին խոսեցին գործընկեր երկրների ներկայացուցիչներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Պետրո Բեխը և Մոլդովայի տնտեսագիտության ակադեմիայի ներկայացուցիչ, Եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «ATHENA» նախագծի ազգային համակարգող Օլեսիա Սիրբուն:
Զեկուցումներն ընդգրկում էին Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի բուհերի ինքնավարության ու կայունության մարտահրավերների, խնդիրների առկայության ու ընկալման համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակները, ձեռնարկված ու ձեռնարկվելիք միջոցառումներն այդ երկրների կրթական քաղաքականությունը մշակող կառույցների և բուհերի կողմից:
Նշված խնդիրների վերաբերյալ տեսլականը բացահայտող զեկուցում կարդաց նաև նախագծի համակարգող, Եվրոպական համալսարանների ընկերակցության բաժնի վարիչ Թոմաս Էստերմանը:
Իսկ մայիսի 13-ին «ATHENA» նախագիծն ամփոփեց աշխատանքները և հրապարակեց ծրագրի արդյունքները: Միջոցառմանը մասնակցում էին Բոլոնյան կրթական համակարգում ընդգրկված երկրների մի շարք նախարարներ ու փորձագետներ:
Նախագծի արդյունքների հրապարակումն անցկացվում է Երևանում կայանալիք Բոլոնյան համակարգի նախարարական համաժողովի նախօրեին՝ նպատակ հետապնդելով համաժողովի մասնակից նախարարներին և փորձագետներին փոխանցել տեղեկատվություն Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի բուհերի ինքնավարության ընդհանուր իրավիճակի, առկա խնդիրների և «ATHENA» նախագծի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքների մասին:
Եվրոպական համալսարանների ընկերակցության բաժնի վարիչ Թոմաս Էստերմանը Բոլոնյան համակարգի նախարարական գագաթնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրեց «ATHENA» նախագիծը, դրա շրջանակներում իրականացված ծրագրերը, գրանցված արդյունքներն ու հետագա համագործակցությունը շարունակելու համար ձեռք բերված համաձայնությունները:
Մինչ հիմնական ելույթները ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը հյուրերին ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, ուսումնական գործընթացն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև անդրադարձավ միջազգային համագործակցությանը:
Այնուհետև ելույթներով հանդես եկան Եվրոպական համալսարանների ասոցիացիայի նախագահ Լեսլի Վիլսոնը, Ընկերակցության կառավարման, ֆինանսների և հանրային քաղաքականության զարգացման բաժնի վարիչ Թոմաս Էստերմանը, ԵՊՀ ռեկտոր, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանը և Ընկերակցության բարձրագույն կրթական քաղաքականության բաժնի վարիչ Մայքլ Գեբելը:
Միջոցառմանը ներկա էին նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի մի շարք բուհերի, կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև Եվրոպական համալսարանների ընկերակցության ներկայացուցիչներ:
Հավելենք, որ «ATHENA» նախագծի գլխավոր համակարգողը Եվրոպական համալսարանների ասոցիացիան է: Որպես գործընկերներ՝ Հայաստանից ներգրավված են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Գավառի պետական համալսարանը: Նախագծի հայաստանյան համակարգողն է Երևանի պետական համալսարանը: