«Հիմնադիր խորհրդարանը» քննարկում է մարտավարության փոփոխության հարցը, որոշումը գրեթե կայացված է, կարծում ենք՝ այս փուլում ճիշտ է համագործակցել այն ուժերի հետ, որոնց օրակարգում է «ռեժիմից ձերբազատումը»: Այս մասին հայտարարել էր «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: Վերջինս, սակայն չի հստակեցրել, թե որ քաղաքական ուժերի մասին է խոսքն, ուստի Armlur.am-ը փորձեց ընդդիմոդիր կուսակցություններից պարզել` առաջարկ լինելու դեպքում իրենք կհամագործակցեն, թե՞ ոչ:
Armlur.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը նախ նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» հետ իրենց շփումներն անընդհատ եղել են: «Նույնիսկ ձերբակալությունների ժամանակ պարոն Փաշինյանը մի քանի անգամ այցելել է նրանց: Մեր համագործակցության պայմանները ցանկացած քաղաքական ուժի հետ հայտնի են, բարձրաձայնել ենք. առաջինը նպատակների հստակեցումն է, թե որտեղից է սկսվում համագործակցությունը, ինչ է իրենից ներկայացնում, ապա թափանցիկությունն է: Դա քննարկելու հարց է, մենք դրան դեմ չենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Վերջինիս խոսքով` իրենք չեն քննարկել հակառակ պրոցեսը` ՀԽ-ին համագործակցության առաջարկ անելը: Բայց, Ալեն Սիմոնյանի կարծիքով, չի բացառվում ոչ մի բան: «Մենք դա նաև չէինք բացառում Եռյակի պարագայում: Եթե ժամանակին պատրաստ էինք համագործակցել Եռյակի ուժերի հետ, որը բավականին վիճելի էր, ինչու չհամագործակցենք նաև «Հիմնադիր խորհրդարանի» հետ»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այս նույն հարցի հետ կապված նորաստեղծ «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը ևս չի բացառել ՀԽ-ի հետ համագործակցությունը: