«Որպես Երիցյան Արմեն չեմ հարգի, եթե գնամ ու ինչ-որ սուտ ասեմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքների խոշորացման ծրագրի իրականացման արդյունքում որեւէ գյուղ չի «փակվելու»:

-Պարո՛ն Երիցյան, մայիսի 17-ին Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերի համայնքներում տեղական հանրաքվե է անցկացվելու` համայնքների խոշորացման ծրագրի հետ կապված: Ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում, ըստ Ձեզ` համայնքները կողմ կքվեարկե՞ն:

-Ես եղել եմ բոլոր այն մարզերում, համայնքներում, որտեղ հանրաքվե է լինելու, ինձ հետ եղել են բոլոր մարզպետները, որոնց հետ այս ժամանակահատվածում զրուցել ենք, ներկայացրել այն ծրագիրը, որը կյանքի է կոչվելու: Նշեմ, որ դրական արձագանքներ ենք ստացել: Բայց ամեն դեպքում լինելու է հանրաքվեն, որից հետո կամփոփենք արդյունքները ու կտեղեկացնենք, թե իրականում ինչ կարողացանք անել: Այժմ խոսել ինչ-որ ակնկալիքների մասին, ես իրատեսական չեմ համարում:

-Քաղաքական որոշ ուժեր հայտարարում են, որ բոլորի համար անհասկանալի է, թե, ի վերջո, ի՞նչ է լինելու այդ օրը ու դրանից հետո, նշվում է, թե գյուղացիների համար եւս անհասկանալի է ստեղծված իրավիճակը:

-Անհասկանալի որեւէ բան ես այստեղ չեմ տեսնում, գյուղացին ասելու է այո կամ ոչ, դա սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որտեղ նշված է նաեւ, որ այդ հանրաքվեն խորհրդատվական նշանակություն ունի: Սա մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է, ու մենք պետք է այնպես անենք, որ գյուղացին հասկանա, թե իրականում ինչի համար է ինքն այդ քայլին գնում եւ ինչի համար է դա իրեն պետք: Իսկ ես կարծում եմ, որ այս ընթացքում գյուղացու հետ հանդիպելով, նրա հետ զրուցելով՝ հասկանալի է դարձել, որ ինքը եւս դա ուզում է:

Ես շրջել եմ համայնքներով, բացատրել ու այնտեղ հասկացել են, թե ինչի համար է իրենց պետք համայնքների խոշորացումը: Մենք նաեւ կարողանում ենք միջազգային կազմակերպություններից գումարներ բերել՝ այնտեղ դպրոցներ, մանկապարտեզներ ու ճանապարհներ կառուցելու համար: Իսկ իմ հանդիպումներից հետո ես միայն դրական դիրքորոշում եմ տեսել: Մեր մասնագետներն են այնտեղ եղել, մասնագիտական ձեւով ներկայացրել իրավիճակը, մեզ մոտ ամենօրյա աշխատանքներ են տարվել, ինչի համար էլ կարողացել ենք ներկայացնել, թե մենք ինչ ենք ցանկանում անել:

-Այնուամենայնիվ, տեսակետ կա, որ այս ծրագրի իրականացման համար ՀՀ-ն միջազգային կառույցներից մեծ գումարներ է ստացել, եւ դրա դիմաց պարտավոր է իրականացնել այս ծրագիրը՝ զոհաբերելով գյուղերը, գնալով անգամ դրանց մի մասի «փակմանը»:

-Մենք գյուղ չենք փակում, այլ գյուղերը զարգացնում ենք: 866 գյուղական համայնքներ ունենք, որոնցից որոշ մասը կմնա որպես բնակավայր, իսկ որոշներն էլ կմնան համայնք. գյուղերը մնալու են, դպրոցներն ու մյուս հաստատությունները զարգանալու են: Սրանից ավելի վատ չի կարող լինել, Դուք գյուղեր գնացեք ու զրուցեք գյուղացու հետ, տեղեկացեք գյուղացու հոգսերի մասին, ու կտեսնենք, թե որն է վատը՝ մեր առաջարկածը, թե այս իրավիճակը:

Եթե ինչ-որ այլ առաջարկություններ կան, ապա մենք կարող ենք իրենց հետ հանդիպել, զրուցել, քննարկել: Ամբողջ աշխարհն է գնում խոշորացման, մենք շատ երկար տարիներ է ուսումնասիրում ենք այս ծրագիրը, ժամանակն է, որ դեպի առաջ քայլ անենք:

-ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, ներկայացնելով համայնքների խոշորացման հետ կապված իր դիրքորոշումը, նշել է, որ այն լուրջ վտանգ է պարունակում ազգային անվտանգության համար, քանի որ ծրագրի իրագործումը նպաստելու է բնակչության միգրացիային՝ ի վերջո հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը: Մյուս խորհրդարանական ուժերը եւս նույն կերպ են բնութագրել այս ծրագիրը: Դուք հանդիպումներ ունեցե՞լ եք ԱԺ խմբակցությունների հետ, եւ արդյո՞ք տեղին չեն նրանց մտավախությունները:

-Չեմ խոսել իրենց հետ, բայց ասեմ հետեւյալը՝ որպես տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, որպես Երիցյան Արմեն չեմ հարգի, եթե ես գնամ ու ինչ-որ սուտ ասեմ, ես ինքս ինձ չեմ հարգի եթե գյուղացիներին խաբեմ: Ես երբեք նման բան չեմ անի, ես ուսումնասիրել եմ ու գտել եմ, որ դա ճիշտ է, իմ գործընկերների հետ քննարկել ենք բազմիցս: Զեկուցվել է այդ ամենի մասին ՀՀ վարչապետին, երկրի նախագահին, ու սա ճիշտ ուղղություն է:

Չեմ կարծում, որ որեւէ մի հայ կգտնվի, որն այնպես կանի, որ գյուղերի համար վատ լինի: Ինչո՞ւ չպետք է ընդգրկենք միջազգային կառույցներին այս ամենում, եթե մարդիկ գումարներ են տալիս, իսկ դրանք վարկային միջոցներ չեն, մարդիկ ասում են՝ թող ձեր համայնքները առաջ գնան, ու մենք էլ դրանում ձեզ կօգնենք: Մենք ասե՞նք՝ ոչ, ասենք՝ չէ, մենք այնքան հարուստ ենք, որ ձեր փողերը պետք չեն՞: Ես կարծում եմ, որ սա լավագույն ծրագրերից մեկը կարող է լինել:

-Որքա՞ն գումար է տրամադրվել համայնքների խոշորացման համար, արդյո՞ք այդ գումարների պատճառով եք որոշել այս ծրագիրը կյանքի կոչել:

-(Ծիծաղում է, Ս. Գ) Վերջին ժամանակահատվածում ինչ-որ ֆանտաստիկ բաներ եմ լսում համայնքների խոշորացման հետ կապված, մարդիկ առանց հասկանալու ինչ է դա, ուղղակի հայտարարություններ են անում: Չկա նման բան, ծրագիրը 14 համայնքների համար է, մոտ 3-5 տարվա կտրվածքով են գումարներ տրամադրում: Իսկ դրանք ինչ-որ ֆանտաստիկ չափի հասնող գումարներ չեն, Դուք տեսեք՝ քանի համայնքներ են, իսկ գումարն էլ կհասնի մի քանի միլիոն դոլարի, դրանք նորմալ են, քանի որ ծրագիրը նախատեսված է 5 տարվա կտրվածքով:

Պետք չէ ինչ-որ բաներ նկարագրել, որն իրականում չկա, մարդիկ պարապությունից լեգենդներ են հյուսում: Մենք պետք է կարողանանք շատ գումարներ բերել, որպեսզի կյանքի կոչենք այդ ամբողջ ծրագրերը: Հանուն գումարի ինչ-որ բան անելն ի՞նչ է, ես էլ եմ հայ, ես էլ ունեմ բալիկներ, որոնք ինձ հարցնելու են, թե ինչ եղավ ի վերջո: Ես՝ որպես հայ տղամարդ, թասիբ ունեմ, այնպես չէ, որ մի սուտ որոշում կայացրեցին, Երիցյան Արմենն էլ գնաց դա կատարելու: Երկրի նախագահն էլ թույլ չի տա, որ ինչ-որ մի ծրագիր իրականացնենք, որն արդյունավետ չէ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս