ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՍՏՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փորձում էր ամեն գնով մեղմել Գեղարքունիքի մարզում հայտնաբերված սիբիրախտի իրական ծավալները: Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը ընտանի կենդանիների եւ մարդկանց՝ սիբիրախտով վարակվելու դեպքերի կապակցությամբ, ՕԵԿ-ական Կարապետյանը շտապել է հանգստացնել, թե որեւէ վտանգ չկա. «Սիբիրախտն այդքան սարսափելի չէ եւ չունի ծանր հետեւանքներ: Հիվանդների մոտ հիվանդության մաշկային տեսակն է: 6-7 մարդ սիբիրախտի ախտորոշմամբ դիմել են բժշկական օգնության: Այժմ նրանց դուրս են գրել, եւ նրանք բուժումը շարունակում են տանը»: Մինչդեռ ՀՀ առողջապահության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 23-ի տվյալներով՝ սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ:
Փաստորեն, գյուղնախարարը կա՛մ անտեղյակ է (ինչն անթույլատրելի է), կա՛մ երեկ որոշել էր ստել ու մոլորության մեջ գցել ողջ խորհրդարանին: Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածը պատիժ է նախատեսում մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելու համար՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում: Պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով տեղեկություններ թաքցնելը կամ աղավաղելը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով: Կգնա՞ Ս. Կարապետյանը Վազգեն Խաչիկյանի հետեւից «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:




Լրահոս