«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ մի տեսանյութ է տարածել, որում պատկերված է Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցու՝ աղբանոցի վերածված հարակից տարածքը: Ամենայն հայոց կաթողիկոսին չհետաքրքրող սարերի վրա կորած այս եկեղեցու հարակից տարածքն առանձնանում է նրանով, որ այստեղ են ամփոփված Գարեգին Նժդեհի մասունքները: Մեծ հայրենասերի գերեզմանին ուխտագնացության գնացած երիտասարդները հնարավորինս փորձել են մաքրել տարածքը, սակայն, ինչպես իրենք են նշել, «երկարամյա բարձիթողությունից հետո այդ ուժերը չափազանց քիչ են»: Ինչպես հայտնի է, Գարեգին Նժդեհը իշխող Հանրապետական կուսակցության գաղափարական հայրն է, որին պատեհ-անպատեհ սիրում են հիշատակել ՀՀԿ-ականները` այդպիսով փորձելով ներկայիս ապագաղափարական քաղաքական կուսակցությունների շարքում ընդգծել իրենց «գաղափարական» լինելը: Հայտնի է նաեւ, որ Հանրապետական կուսակցությունն ունի շատ ակտիվ եւ բազմամարդ երիտթեւ, որը մշտապես աչքի է ընկնում տարաբնույթ միջոցառումներ, բազեների ու արծիվների հավաքներ կազմակերպելով: Եվ հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ «նժդեհապաշտ» այդ կուսակցության ղեկավարությունը Ծաղկաձորի կամ Դիլիջանի էլիտար առողջարաններում իրենց երիտթեւի հավաքներից մեկը չի փորձել փոխարինել Նժդեհի գերեզման այցելությամբ: Ուզում ենք հավատալ, որ հանրապետականներն առնվազն մեկ տարի չեն այցելել Նժդեհի գերեզմանին, քանզի եթե պարզվի, որ ՀՀԿ բազեիկներն ու արծվիկները գնացել են եւ տեսնելով առկա պատկերը՝ ոչինչ չեն արել, դա տասնապատիկ ավելի ամոթալի կլինի:
Իրականում Աշոտ Նավասարդյանից հետո Հանրապետական կուսակցությունում Գարեգին Նժդեհի անունը հիշատակվում է զուտ որպես «բրենդ», ձեւական աքսեսուար, որը չի արտացոլում այդ ուժի ներկայիս գաղափարական էությունը: Հակառակ դեպքում` դժվար է բացատրել ավելի քան 10 տարի ՀՀ իշխանության ղեկին գտնվող Հանրապետական կուսակցության անտարբերությունը սեփական «կուռքի» հանդեպ: 2011թ. լրացավ Նժդեհի 125-ամյակը, եւ թվում էր, որ գոնե այդ հոբելյանի կապակցությամբ ՀՀԿ-ական իշխանությունները վերջապես Երեւանում կկանգնեցնեն Նժդեհի արձանը, ինչը խոստացել էին անել դեռ 10 տարի առաջ` ականավոր գործչի 115-ամյակին: Դա տեղի չունեցավ: Ավելին, այս տարիների ընթացքում ո՛չ պետական, ո՛չ էլ կուսակցական միջոցներով այդպես էլ չնկարահանվեց գոնե մեկ լուրջ փաստավավերագրական կամ գեղարվեստական ֆիլմ մեծ հայորդու մասին: Դե, իսկ նրա գերեզմանի (այն իբրեւ այդպիսին գոյություն չունի) շուրջը տիրող գարշահոտ տեսարանի մասին էլ խոսելը թերեւս ավելորդ է: Եթե Գարեգին Նժդեհը Հանրապետական կուսակցության քաղաքական այցեքարտն է ու գաղափարական հայրը, ուրեմն Սպիտակավորի հարակից տարածքի աղբավայրն այդ կուսակցությունում տիրող ներկայիս արժեհամակարգի արտացոլանքն է:
ՀՀԿ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ