Էդուարդ Շարմազանովը` Արթուր Հարությունյանին (Պալաչ) ՀՀԿ-ից հեռացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ և Ռուսաստան, ամփոփվել են արդյունքները: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ անդրադարձ է կատարվել նաև սպավող ՏԻՄ ընտրություններին:

Ինչպես հայտնի է, Արտաշատի ընտրություններում առաջադրվել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը: Անդրադառնալով այս հարցին, Շարմազանովը նշեց, որ, եթե քաղաքացին առաջադրվում է, այդ դեպքում կապ չունի, թե ով է նրա հայրը, մայրը կամ քեռին: Նա նշեց, թե ճանաչելով Արգամ Աբրահամյանին, կարող է ասել, որ պարկեշտ և դաստիարակված անձնավորություն է:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀՀԿ-ն որոշեց սատարել կուսակցության հետ կապ չունեցող Վահագն Գևորգյանին, այլ ոչ թե Արթուր Հարությունյանին, Շարամազանովը ընդգծեց, թե պետք չէ գնահատականներ տալ, թե ով ում հետ կապ ունի կամ չունի: Իսկ այն դիտարկմանը, թե այդ ինչ կարգապահական խախտում էր թույլ տվել Հարությունյանը, որ հեռացվեց կուսակցությունից, Շարմազանովը նշեց, թե ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը երեկ բոլոր հարցերին պատասխանել է և ինքը հավելելու ոչինչ չունի:

Լրագրողների այն դիտարկմանը, թե կարող ենք սա բարեկամական ժեստ անվանել Ծառուկյանին ուղղված, քանի որ կար Հանրապետական թեկնածու, որին սակայն չսատարեցին, Շարմազանովը նշեց.  «Գագիկ  Ծառուկյանին պետք է հանգիստ թողնել, պետք չէ ամեն անգամ նրա վերաբերյալ կարծիքներ հնչեցնել: Որպես քաղաքական գործոն հիշել նրան և կապել Աբովյանի ընտրությունների հետ, ճիշտ չէ: Առաջին անգամ չէ, որ պաշտպանում ենք անկուսակցականին, այլ ոչ թե ՀՀԿ-ականի»:




Լրահոս