ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպին անդրադարձ չի եղել: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, թե այդ դեպքի մանրամասներին չի տիրապետում: «Կա համապատասխան լիազոր մարմին` դատական իշխանություն, որը զբաղվում է այդ հարցով: Անկախ նրանից, թե ում որդին է, ում բարեկամն է, ում հարևանն է, եթե մարդն անցնում է օրինականության սահմանը, ապա պետք է պատժվի: Սա մեր ընդհանուր գնահատականը: Ես այս հարցին ամբողջական պատասխան չեմ կարող տալ, բայց յուրաքանչյուր պաշտոնյայի ընտանիքի ներկայացուցիչ պետք է գիտակցի, որ պաշտոնը տրված չէ վայելքի համար», – նշեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիս քաղաքի «Սըդղի գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր որդու մասնակցությունը գործին` վստահեցնելով, որ դեպքի օրը Տիգրան Խաչատրյանը Երևանում է եղել: