ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ԱՆՎԱԴՈՂԻ ՓՈՂ ՉՈՒՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, թե Կոտայքի նախկին փոխմարզպետ Լեւոն Միքայելյանն ումից ինչ է ուզել, ինչքան եւ քանի անգամ: Եթե հավատալու լինենք մեղադրական եզրակացությանը, ապա նա շատ է սիրել 4, 3 թվերը, դրա համար էլ խախտել է ՀՀ նախագահի՝ ՏԻՄ գործունեությունը կարգավորող 1997թ. համապատասխան հրամանագիրը, մարզպետարանի կանոնադրությունը եւ 8 դրվագով կաշառք ստացել իր ենթականերից:
Լեւոն Միքայելյանը 2002-ից զբաղեցրել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը եւ 10 տարի շարունակ համակարգել մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը: Այսինքն՝ մշտապես եղել է կազմակերպական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ եւ իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ նպաստել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Կոտայքի մարզի դպրոցների երեք եւ առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն: Ստուգումներ չանցկացնելու համար 2005թ. նոյեմբերից մինչեւ 2012թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Միքայելյանը նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք: Դրվագներից մեկով՝ 2005-ի նոյեմբերին Լ. Միքայելյանը ի պաշտոնե բարեհաճ վերաբերմունք դրսեւորելու դիմաց «Գառնիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Գրիգոր Գրիգորյանին առաջարկել է Հրազդանի ավտոպահեստամասերի խանութում վճարել իր ավտոմեքենայի համար ձեռք բերված չորս անվադողերի արժեքը՝ 80 000 դրամը:  
Բացի այդ, աշխատանքային գործունեության ընթացքում հնարավոր խնդիրների լուծմանն աջակցելու, հաճախակի ստուգումներ չանցկացնելու համար Լ. Միքայելյանը 2008թ. ապրիլին «Արզնիի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ տնօրեն Լիլիթ Կարապետյանից պահանջել եւ իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 46 559 դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար կաշառք: Իսկ նույն թվականի նոյեմբերին փոխմարզպետը նորից կենտրոնացել է «Գառնիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Գրիգոր Գրիգորյանի վրա եւ կրկին նրան առաջարկել խանութում վճարել իր ավտոմեքենայի համար ձեռք բերված չորս անվադողերի արժեքը՝ 100 000 դրամը: Բուժհիմնարկի տնօրենն էլ ստիպված արել է:
Դրանից հետո՝ 2010թ. մարտին, փոխմարզպետը դարձյալ աչք փակելու նկատառումներով  «Գառնիի թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Թերեզա Պետրոսյանից պահանջել է տարեկան չորս անգամ իրեն տալ 40 000-ական դրամ կաշառք, բայց ստացել է 70 000 դրամ ընդհանուր գումար:
2010-ի մարտին 30 000 դրամ կաշառք էլ փոխմարզպետը ստացել է «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Խաչիկյանից՝ կրկին աթոռի վրա «աչքը կպցնելու» համար:  
Հաջորդ դրվագը 2010թ. հունվարին է եղել. Լ. Միքայելյանը «Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Մարգարյանին խոստացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից ազատելուց հետո՝ մինչեւ ընտրության արդյունքում կազմակերպության նոր տնօրենի նշանակելը, 150 000 դրամ կաշառքի դիմաց նպաստել նրան տնօրենի պաշտոնակատար նշանակելուն: Ստանալով Ա. Մարգարյանի՝ կաշառք տալու համաձայնությունը՝ փոխմարզպետն ուղղակի չի առարկել նրան տնօրենի պաշտոնակատար նշանակելուն եւ փետրվարին ստացել է խոստացված 150 000 դրամ կաշառքը: Իսկ դրանից մեկ ամիս անց արդեն տնօրենի պաշտոնակատար նույն Ա. Մարգարյանից պահանջել եւ տարեկան 4 անգամ ստացել է 40 000-ական դրամ կաշառք (ընդհանուր՝ 160 000 դրամ)՝ վերադասներին նրա աշխատանքը դրականորեն ներկայացնելու համար:    
Լ. Միքայելյանը վերջին երկու կաշառքները կրկին նույն Ա. Մարգարյանից է ստացել, բայց արդեն 2012-ին: Այս տարվա առաջին դրվագով՝ ապրիլին Լ. Միքայելյանը տնօրենի պաշտոնակատարից  ստացել է 100 000-դրամանոց համակարգիչ, իսկ մայիսին եւ հուլիսին` 40 000-ական դրամ: Ու երեւի այնքան է զզվեցրել, որ հենց այս վերջին գործի վրա էլ բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Նախկին փոխմարզպետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալը:
Նախկին փոխմարզպետն այժմ գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ մեկուսարանում), իսկ նրա վերաբերյալ քրգործն արդեն մտել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ հոկտեմբերի 25-ին կմեկնարկի դատական գործընթացը:

  ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս