Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 25-ին կլսվի Չապաեւի որդու՝ զինվորական Յուրիկ Չապաեւի Մկրտչյանի խարդախության գործը: Նա եղել է Կոտայքի մարզի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը՝ կոչումով փոխգնդապետ: Եւ հենց այդ պաշտոնական դիրքն օգտագործելով էլ՝ Սարալանջ գյուղի բնակչուհի Էվելինային խաբել է: Վերջինիս վստահությունը չարաշահելով՝ կաշառք տալու պատրվակով նրանից 3000 դոլար գումար է վերցրել՝ որդու զինվորական ծառայությունը կազմակերպելու համար: Չապաեւի որդին 2500 դոլարը ստացել է 2011թ. մայիսին Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Գրիգորյանի միջնորդությամբ եւ ներկայությամբ, իսկ երկրորդ մասը՝ 500 դոլարը, զորամասի իր աշխատասենյակում: Տղայի մորը խոստացել է, որ հունիսին բանակ զորակոչվող նրա որդուն ուսումնական ծառայության 5 ամիսը լրանալուց հետո կտեղափոխի իր զորամաս՝ սեփական «աչքի տակ» հարմարավետ ծառայության: Բայց երեւի Յուրիկը չի կատարել խոստումը եւ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, իսկ նրա արարքը որակվել է խարդախություն:
Յուրիկի եւ միջնորդ Արթուրի մեղավորությունը կամ անմեղությունը կորոշի դատարանը:
ՉԱՊԱԵՎԻ ՈՐԴԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ