Հոկտեմբերի 31-ին «Հարսնաքար»-ի գործով դատական նիստը կսկսվի տուժողների հարցաքննությամբ: Ապացույցների հետազոտման կարգ սահմանելիս երեկ այդպես է որոշել դատավոր Դավիթ Հարությունյանը: Ու թեեւ տուժող եւ պաշտպանական կողմերի համար անսպասելի եւ անընդունելի է եղել տուժողների հարցաքննությունից սկսելը, այդուհանդերձ, դատարանը նրանցից հետո լսելու է գործով անցնող վկաներին, հետո ամբաստանյալներին, որից հետո անցնելու են գործի փաստաթղթերի ուսումնասիրմանը: Մինչդեռ մեղադրողը, տուժող եւ պաշտպանական կողմի ներկայացուցիչները ակնկալում էին դատաքննությունը սկսել գրավոր ապացույցների հետազոտությունից, իսկ տուժողների եւ ամբաստանյալների հարցաքննությունը թողնել վերջում:
Այդուհանդերձ, մեղադրողն առաջարկել է նախ հարցաքննել տուժող Արտակ Բայադյանին, որը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երեկ չէր եկել դատարան, սակայն մինչ այդ պատրաստակամություն էր հայտնել անհրաժեշտության դեպքում ներկայանալ: Եւ քանի որ մեղադրողը պատճառաբանել է, որ Բայադյանի բացակայությունը խոչընդոտ է դատաքննությունը շարունակելուն, առաջարկել է նիստը հետաձգել բոլոր տուժողների ներկայությունն ապահովելու նպատակով: Պաշտպանական կողմը դժգոհել է եւ դա որակել անհարկի ձգձգում՝ նշելով, որ կարող էին դատաքննությունը սկսել ներկա մյուս տուժողների հարցաքննությունից: Բացի այդ, նրանք ասել են, որ յուրաքանչյուր տուժողի հարցաքննությունից հետո պաշտպանական կողմը մեկ օր է խնդրելու՝ նրանց ուղղված հարցեր նախապատրաստելու համար: Չնայած այդ դժգոհություններին՝ դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը եւ նիստը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Տուժողների հարցաքննությունից եւ քրգործում առկա նախաքննական ցուցմունքների համադրությունից կուրվագծվի, թե նախաքննական մարմինը որքանով է հակված բացահայտել եւ պատժել մեղավորներին:
ԿՊԱՏՄԵՆ «ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԴԵՊՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ