«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեկվանից Կառավարության դիմաց նստացույց են սկսել, որը, ինչպես հայտարարվել է, տեւելու է երկու օր: Ճարահատյալ այդ քայլով նրանք ՀՀ Կառավարությունից պահանջում են վճարել իրենց աշխատավարձի կուտակված պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտը»: Պահանջատեր նաիրիտցիները շուրջ 1700 հոգի են, թեեւ ոչ բոլորն են մասնակցում ակցիային: Իսկ ինչո՞ւ բանը հասավ նստացույցին: Բանն այն է, որ այս տարիների ընթացքում ՀՀ իշխանության ներկայացուցիչների թողտվությամբ գործարանը հասցրել է մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքեր կուտակել. տարբեր գնահատականների համաձայն՝ «Նաիրիտի» պարտքերը կազմում են 250-ից մինչեւ 300 մլն դոլար:
Ի դեպ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս հայտարարել էր, որ «Նաիրիտի» վերագործարկման համար հենց այդքան` մինչեւ 300 մլն դոլար է հարկավոր: Սակայն նա միեւնույն ժամանակ ասել էր, թե համոզված չեն, որ եթե վերագործարկեն, արդյո՞ք արտադրանքը մրցունակ կլինի, եւ կկարողանան իրացնել:
Այս կերպ նա, թերեւս, փորձել էր արդարացնել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը անցած տարի խոստանում էր անհրաժեշտ ներդրումներ կատարել եւ վերագործարկել «Նաիրիտը», սակայն այս տարվա սկզբից այդ հայտարարությունները մոռացության մատնվեցին եւ ուղարկվեցին պատմության գիրկը: Իսկ այսօր արդեն, չնայած ՀՀ իշխանությունները չեն խոստովանում, սակայն նկատելի է, որ նրանց միակ ծրագիրը «Նաիրիտի» գույքը գրավի տակից հանելն ու վաճառելն է, որպեսզի աշխատավարձերի պարտքը մարեն: Դրանից հետո նաիրիտցիներն այլեւս բողոքելու պատճառ չեն ունենա, եւ երբեմնի գիգանտն այլեւս աննկատ մաս-մաս կվաճառեն, կգնա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: