ՔՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵՆՔ` ԿԱՐԹՆԱՆԱ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչ Արմեն Ղարաքեշիշյանն ավելի քան վեց տարի է, ինչ  իշխանություններից պահանջում է իր ռմբակոծված տան փոխարեն նոր տուն տալ: ՀՀ կառավարությունը նրանց ընտանիքին փոխհատուցել է ընդամենը մեկ միլիոն դրամով, որով հնարավոր չի եղել տունը վերանորոգել:
«Ես ծնվել եմ այս գյուղում, ունեմ 8-ամյա կրթություն: Պատերազմն ու կռիվը սկսվելուց հետո բրախեցինք ու էլ դպրոց չգնացինք: Էդ ժամանակ էլ մեր տունը ռմբակոծեցին: Հիմա ապրում եմ իմ համագյուղացու տանը: Իրենք դուրս եկած են էստեղից, Ռուսաստանում են: Խնդրել եմ, տունը տվել են: Եթե իրենք վերադառնան Հայաստան, չգիտեմ, թե ինչ ենք անելու…  Ոչ մի բան էլ չենք անելու, մնալու ենք դրսերում… մեկ ուրիշին պետք է խնդրենք: Դե գյուղապետն էլ մեր հետ մտածում ա էլի, չարչրվում ա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Արմեն Ղարաքեշիշյանը:
Ռմբակոծված տան երկրորդ հարկն ամբողջությամբ գտնվում է վթարային վիճակում, իսկ առաջին հարկի մի անշուք սենյակում ապրում են Արմենի ծնողները, որոնք գիշերները չեն քնում: «Գիտես քնո՞ւմ ենք, ցա՛վդ տանեմ, չենք քնում, հերթապահում ենք: Մի թեթեւ երկրաշարժ էլ որ լինի, էս փլված պատերը շուռ կգան վրաներս: Մեկ-մեկ էլ կրակոց է լինում:  Շատ վտանգավոր է էստեղ ապրել, քնել… ադրբեջանցու պոստը էստեղից մոտ է գտնվում, կարող են յուրաքանչյուր պահի կրակել: Ամեն գիշեր քնում ենք, բայց չգիտենք` զարթնելու ենք, թե ոչ: Չենք կարող գնալ, տղայիս հետ մի հարկի տակ ապրել, որովհետեւ ուրիշի տանն են ապրում, անհարմար է: Ուրիշ տուն էլ չունենք, չեն տալիս»,-ցավով նշեց Արմենի մայրը:
«Այս հարցով դեռ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, ես նամակ էի ուղարկում: Սակայն ի պատասխան գալիս էր, թե Ձեր հարցին մարզպետարանը կպատասխանի: Բայց մարզպետարանն ի՞նչ… Ոչ մի անասուն չունեմ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ: 12 անգամ գնացի նպաստի համար, այնքան գնացի, որ վերջը տվեցին»,-ուսերը թոթվելով՝ պատմեց Արմենը:
Խնդրի շուրջ զրուցեցինք Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանի հետ: «Ռմբակոծված տների համար ՀՀ կառավարությունը բոլորին էլ փոխհատուցել է: Իսկ այդ տան համար նրանք արդեն ստացել են իրենց հասանելիք փոխհատուցումը: Արմեն Ղարաքեշիշյանն իր անունով սեփական տուն չունի: Նա իր հորից բաժան է ապրում: Մարզպետարանն էլ ինչով կարողանում է, օգնում է: Մարզպետը շատ է այցելում այս գյուղ ու հետաքրքրվում մեզանով»,-հավաստիացրեց գյուղապետը:
Դիմեցինք Տավուշի մարզպետարան, որի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Աննա Մանգասարյանը տեղեկացրեց, որ Ղարաքեշիշյաններին ռմբակոծված տան համար փոխհատուցում տրվել է. «Որոշակի զիջումներով իրենց ֆինանսական օգնություն տրամադրվել է, Արմենի հայրը նույնիսկ շնորհակալ է եղել: Չեմ կարող ասել, թե ինչքան գումար է տրամադրվել, բայց տրվել է»:
Իսկ Բարեկամավանի գյուղամիջում կանգնած պապիկները մեծ ափսոսանքով նկատեցին, որ այսքան ժամանակ Սերժ Սարգսյանը երբեւէ չի այցելել իրենց գյուղ եւ չի հետաքրքրվել գյուղացիների կյանքով. «Ադրբեջանին ենք վատ բաներ ասում, բայց արի ու տե՛ս, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ չի էլ հետաքրքրվում, թե ինչպես են գոյատեւում տեղի բնակիչները»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս