Զինվորը կարո՞ղ է ճակատից ինքնասպան լինել. ինչ է պատմում զորամասի հրամանատարը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում մայիսի 8-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Հարություն Համբարյանի զորամասի հրամանատար Սամվել Գրիգորյանն ասաց, որ միայն դրական բաներ է լսել զինվորի մասին եւ առայժմ չի ցանկանում գնահատական տալ կատարվածին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինվորի հայրը՝ Հրայր Համբարյանը, վստահեցրել էր, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել: Ըստ հոր` կատարվածը կա՛մ սպանություն կարող է լինել, կա՛մ պատահականություն:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց մահացած զինվորի զորամասի հրամանատար Սամվել Գրիգորյանի հետ: Ըստ նրա՝ ինքը անձամբ չի ճանաչել Հարությունին, սակայն այս ընթացքում միայն դրական բաներ է լսել զինվորից. «Ես նոր եմ նշանակվել այս զորամասի հրամանատար, անձամբ չեմ ճանաչել զինվորին: Միայն կարող եմ ասել, որ իրավապահներն աշխատում են, կքննեն, ու բոլորին էլ պարզ կլինի, թե ինչ է եղել, ու դուք էլ կիմանաք»:

Հարցին, թե արդյոք հավանական է համարում այն, որ զինվորը կարող է ճակատից ինքնասպան լինել, հրամանատարը պատասխանեց. «Ես ամեն ինչին կարող եմ հավատալ կամ չհավատալ, դա ինչ կփոխի: Ես չեմ որոշողը, ամեն ինչ էլ հնարավոր  է»:

Անդրադառնալով հարուցված քրեական գործի հատկանիշներին, թե տղային ինքնասպանության են հասցրել, Սամվել Գրիգորյանը նշեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ եթե ասեմ՝ չէ, չէին կարող զինվորին այդ վիճակին հասցնել, կամ ասեմ՝ կարող էին հասցնել, ու մեկ էլ հաջորդ օրը հակառակը լինի, սխալ կլինի իմ խոսելը, ուստի չեմ ուզում պատասխանել: Կրկնում եմ՝ իրավապահները զբաղվում են, դա իրենց գործն է»»:




Լրահոս