Հայաստանի գազալցակայաններն անվտանգ չեն. ո՞վ է պատասխանատու ողբերգական դեպքերի համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստանում գործող գազալցակայանների մոտ կանգնելը, մեքենան լիցքավորելը եւ անգամ գազալցակայանի կողքով անցնելը վտանգավոր է: Հաշվի առնելով այն, թե ինչպես է վերահսկվում դրանց տեխնիկական անվտանգությունը, կարելի է ասել, որ գազալցակայանից օգտվելը յուրաքանչյուրի համար կարող է ճակատագրական լինել: Նախօրեին դա ճակատագրական եղավ Գառնիի 24-ամյա բնակիչ Ռոման Սիմոնյանի համար, ով աշխատում էր Գառնիի մոտակայքում գործող գազալցակայանում…

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գազալցակայանը պատկանում է Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին, իսկ ՍՊԸ-ի տնօրենն է Արտաշես Մկրտչյանը, ով գյուղապետի ազգականն է: Պարզեցինք, որ նախքան այս դեպքն արդեն Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը այս գազալցակայանի հետ կապված հասցրել է հայտնվել իրավապահների տեսադաշտում: Նա տեղական տուրքերը, վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողություն չի իրականացրել՝ դրսեւորելով անգործություն: Մասնավրապես՝ նա միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող, իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

2014 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը երեք քրեական գործ էր հարուցել՝ համայնքին պատճառած վնասի, դիտավորության, խաբեությամբ զգալի չափերի գումար վերցնելու եւ հափշտակելու հատկանիշներով: Հարուցված երեք քրեական գործերը միացվել էին մեկ վարույթում, իսկ Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը  գործում ներգրավվել էր որպես մեղադրյալ: Սակայն, զարմանալիորեն, հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել էին: Հիմա էլ գյուղապետը հայտնվել է հերթական սկանդալի մեջ. նրան պատկանող գազալցակայանում  տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է նույն գյուղի 24-ամյա բնակիչ, ով աշխատում էր գազալցակայնում:

Մասնագետների պնդմամբ՝ գազալցակայաններում պայթյունները հիմնականում լինում են ճնշումը գերազանցելու եւ տեխնիկական անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով: Ընդ որում, եղել են դեպքեր, երբ որոշ  տնտեսվարողներ սեփական բիզնես շահերից ելնելով` նման պայթյունները կոծկել են եւ արել ամեն ինչ, որպեսզի տեղի ունեցածի մասին ոչ ոք չիմանա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս