«ՄՇԵՑԻՆԵՐԻ» ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը 10 օր առաջ Գյումրու Մուշ-2 եւ Անի թաղամասերում շահագործման հանձնվեց 38 բազմաբնակարան շենք՝ 1756 բնակարանով: 38 շենքից 32-ը շահագործման հանձնվեցին Մուշ-2-2 թաղամասում: Արտաքինից գեղեցիկ ու գրավիչ այս շենքերում ապրելու անօթեւանների ցանկությունը մեծ էր, սակայն շահագործումից օրեր անց բնակիչները դեռ չեն շտապում լքել իրենց վաղուց քայքայված ու շարքից դուրս եկած ժամանակավոր կացարանները: Պատճառներից մեկն այն է, որ մինչ օրս շենքերն ապահովված չեն ջրով ու գազով, բացի այդ, բազմաթիվ բնակիչներ իրենց բնակարաններում թերություններ են հայտնաբերել, որոնց վերացման համար դիմել են «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի Գյումրու գրասենյակ ու սպասում են դրանց վերացմանը: Մուշ-2-2-ի բնակարանների հետ կապված թերությունները եւ դժգոհությունները բավական շատ են` սկսած վարդակներից, մինչեւ դրսի դռան փականներ, բայց բնակիչների համար ամենամեծ անակնկալը ջեռուցման կաթսայի փոխարեն խոհանոցում փակ արկղերի մեջ դրված ջրատաքացուցիչներն են եղել:
«Դա ոչ թե տունը ջեռուցելու համար է, այլ ընդամենը ջուր տաքացնելու: Դրանք փոխելու համար գնացել էինք «Գլենդել հիլզ», բայց ասացին, որ դիմում կարող ենք չգրել, քանի որ գալու են ու փոխեն: Խոստացել են, որ մոտ օրերս կգան, մենք էլ սպասում ենք»,-ասում է Մուշ-2-2-ի 62 շենքի բնակիչ տիկին Սուսաննան:
Բնակիչների հետ զրույցի ժամանակ մենք պատահաբար հանդիպեցինք «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի մի աշխատակցի, որը բնակարաններից մեկում վերանորոգում էր մուտքի դռան փականն ու վերացնում դռան հետ առաջացած որոշ խնդիրները: Տվյալ բնակարանի բնակչին ուղղված մեր հարցին, թե ի՞նչ խնդիր կա ջեռուցման կաթսայի հետ՝ «Գլենդել հիլզ»-ի աշխատակիցը պատասխանեց. «Կաթսաները գիշերով են բերել ստեղ, ու սխալմամբ ջրատաքացուցիչ են իջեցրել մեքենայից: Դա ընդամենը սխալմունք է եղել»:
Այդ «սխալմունքի» պատճառը փորձեցինք պարզել «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի լրատվության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Արմինե Ուդումյանից, որը մեզ տեղեկացրեց, որ բնակարանների կառուցումից հետո «Գլենդել հիլզ»-ը մեկ այլ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծել 1756 գազի կաթսա (բնակարանների քանակով): Տեղադրումից հետո մի քանի տասնյակ գազի կաթսա` ջեռուցիչներով հանդերձ, գողացվել է: Դրանք վերականգնվել են տեղական շուկայից ձեռք բերված գազի կաթսաներով, որոնք հետագայում գնահատվել են որպես սահմանված չափանիշներին չհամապատասխանող: Ուդումյանի հավաստմամբ՝ այդ բոլոր կաթսաները կփոխարինվեն գազի միացմանը զուգահեռ: Թե քանի բնակարանում է նման իրավիճակ ստեղծվել, Ուդումյանն ասաց.  «Այս պահին հստակ հնարավոր չէ նշել»:
Մինչ շրջում էինք Մուշ-2-2 թաղամասում, հասցրինք նկատել, որ բազմաթիվ բնակարաններում դեռ անջատված չեն շահագործման օրվանից վառված լույսերը: Անխնա այս վերաբերմունքի պատճառը բնակարաններում հաշվիչների բացակայությունն է: Այս ամենից զատ՝ ընդամենը 3-4 տոկոսով բնակեցված այս թաղամասում արդեն նկատելի էր աղբի բավական մեծ քանակություն:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս