ԿԱՊՍԵՑՈՒ ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ԽՈՊԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ունենայինք ընդամենը 5-6 մլն դրամ,  ամբողջ գյուղի ջրի հարցը կլուծեինք: Էս թվին ջուր կրելն էլ ամոթ բան է: Հազար տեղ եմ դիմել՝ է՛լ կառավարություն, է՛լ մարզպետարան, է՛լ միջազգային կազմակերպություն, ոչ մի աջակցություն, միայն խոստումներ եմ լսում, անցնում է գնում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասում է Շիրակի մարզի Կապս համայնքի ղեկավար Լորիկ Մկոյանը:
Կապս համայնքը գտնվում է Գյումրուց 12 կմ հեռավորության, ծովի մակերեւույթից՝ 1700 մ բարձրության վրա: Գյուղը հիմնադրվել է 1820թ., որտեղ բնակություն են հաստատել Արեւմտյան Հայաստանից` Բայազետի Տիգոր եւ Ակրակ գյուղերից գաղթածները: Հին գյուղում 1860-ականներին կառուցվել է եկեղեցի տեր Թորոս քահանայի շնորհիվ:
«Երկար տարիներ եկեղեցին  կիսափլված վիճակում էր, իսկ այժմ վերակառուցվում է գյուղի  մի խումբ տղոց կողմից, որոնք ապրում են արտերկրում: Սա  վկայում է մեր` կապսեցիների հավատքի մասին: Գյուղում պարբերաբար կազմակերպվում են կնունքներ, մատաղ են անում եւ այլն: Հին գյուղի որոշ տներ այժմ դարձել են ուխտատեղի, եւ դրանց կողքին կառուցվել են երկու նոր մատուռներ»,-պատմում է համայնքապետը:
Նրա վկայությամբ՝ 2011թ. գյուղն ուներ 246 ծուխ` շուրջ 1080 բնակչով: Նախորդ քսան  տարիների համեմատությամբ բնակչության թիվն աճել է: Մկոյանը դա բացատրում է  երկրաշարժից հետո Գյումրուց տեղափոխված աղետյալներով վերաբնակեցմամբ: «Համայնքի բարգավաճումը կապված է նաեւ այն հանգամանքով, որ երիտասարդության 70 տոկոսը մնում է գյուղում: Մեկնում են արտագնա աշխատանքի, սակայն պարտադիր վերադառնում են: Ամուսնություններ են գրանցվում, մանուկներ են ծնվում: Մահացության նկատմամբ ծնելիության ցուցանիշը բարձր է»,-նկատելի ոգեւորությամբ ասում է գյուղապետը:
Վերջինս նշում է, որ գյուղում գործում է դպրոց, բայց դպրոցի շենք` որպես այդպիսին, գոյություն չունի. «Խայտառակ, վտանգավոր վիճակ է դպրոցում: Խարխուլ, կիսաքանդ շենքում մի կերպ է կազմակերպվում դպրոցականների ուսուցման գործընթացը:  Ունենք 107 աշակերտ: Այս տարի ունեցել ենք 9 առաջին դասարանցի, նախորդ տարվա համեմատ նրանց թիվը 2-ով նվազել է»: Մկոյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ սկսած 2002թ.-ից՝  դպրոցի տնօրենը եւ անձամբ ինքը տարբեր ծրագրեր են ներկայացրել պետական մարմիններին, սակայն այս պահի դրությամբ ոչ մի տեղաշարժ, անընդհատ խոստանում են եւ մոռանում: Գյուղապետը հավելում է, որ հուրախություն կապսեցիների՝ կառավարությունում խոստացել են Կապսի միջնակարգ դպրոցը ներառել 2013թ. դպրոցաշինության ծրագրում: Մկոյանը հույս ունի, որ այս անգամ կառավարությունն իրենց հուսախաբ չի անի եւ «դպրոցը գալող տարի կվերանորոգի»:
Մկոյանի տեղեկացմամբ՝ Կապսում մշակում են կարտոֆիլ, ցորեն, գարի, առվույտ, ճակնդեղ եւ այլն. «Այս տարի կառավարության տված ցորենի սերմացուից բերք չծլեց: Կարտոֆիլի  բերքը եղանակի պատճառով վնասվեց: Այստեղ մեկ կգ կարտոֆիլը վաճառում են 100 դրամով, այնինչ նախորդող տարիներին 40-60 դրամով է վաճառվել: Այս տարի լավ բերք ենք հավաքել միայն գարու դաշտերից: Խոտն էլ վատ չէր, բայց անասնապահությամբ  զբաղվելը էլ արդյունավետ չէ»: Գյուղապետի վկայությամբ՝ հողագործությունն էլ իրեն չի արդարացնում, քանի որ մշակվում է հողերի 70 տոկոսը, չկա գյուղտեխնիկա, գյուղացին ստացված բերքն իրացնելու խնդիր ունի: Լուրջ հիմնախնդիր է նաեւ ոռոգման ջրի սակավությունը: «Ոռոգման ջրի 6 կմ հատված վերակառուցման կարիք ունի: Չունենք ջրատար, տաշտակներ, դրանց պատճառով ունենում ենք ջրի կորուստներ, բնականաբար, հողերն էլ մնում են անջրդի»,-ասում է  Մկոյանը:
Գյուղում եղել են նաեւ հմուտ մեղվաբույծներ, որոնք իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել են իրենց ժառանգներին: «Լավ մեղվաբույծներ ենք մենք՝ կապսեցիներս, սակայն այս տարի դատարկաձեռն մնացինք: 20 փեթակից 20 գրամ մեղր չենք ստացել: Փեթակները հանգել են: Մեղրի կգ-ն էլ 3000 դրամից թանկացել դարձել է 5000 դրամ: Սարսափելի վիճակում ենք»,-հիասթափությամբ նշում է  Մկոյանը:
Այժմ կապսեցիների ապրուստի միակ միջոցը մնացել է արտագնա աշխատանքը: Իսկ կառավարությունն էլ, ըստ գյուղապետի, դժվարանում է համայնքին աջակցել:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս