ԻՋԵՎԱՆՅԱՆ «ԱՏԿԱՏՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին Իջեւան քաղաքում այցելելով Տավուշի մարզային գրադարան՝ այնտեղ հանդիպեցի ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների, որոնք ծանոթանում էին կատարված նորոգման աշխատանքներին: Մարզային գրադարանի տարածքում շրջելով՝ համոզվեցի, որ նորոգումը կատարվել է մեծ խախտումներով: Առաջին հարկի 2 սենյակներում, ուր տեղավորված են այցելուների սպասարկման, գրքերի մշակման եւ համալրման, մեթոդական եւ տեղեկատվական բաժինները, էլեկտրական հոսանքի վարդակներ չկան, այդ սենյակներում էլեկտրական հոսանքի լարեր չեն անցկացվել: Սպասարկման բաժնում տեղադրված է կույրերին ընթերցել սովորեցնելու համար նախատեսված համակարգիչ: Մարզային գրադարանի աշխատակցուհիները լրագրողիս դժգոհեցին, թե առանց էլեկտրական հոսանքի համակարգիչն ինչպես են աշխատեցնելու: Այցելուների սպասարկման բաժնում տեղադրված «եվրոպատուհանները» բացելուց հետո չեն փակվում, ուստի գրադարանավարուհիները դրանք ընդհանրապես չեն բացում: Այդ սենյակի  մանրահատակը փոխված է, սակայն գրադարանավարներն ասացին՝ ավելի լավ է՝ այն չփոխեին, հինն ավելի լավ էր: Նորոգված սենյակների պատերին բազմաթիվ ճեղքեր կան, նաեւ` խոնավության հետքեր: Իսկ նախասրահում գտնվող զուգարանների նորոգումն ընդհանրապես անավարտ է մնացել:
Տավուշի մարզային գրադարանի շենքի նորոգումը սկսվել է 2011թ. հուլիսին, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 մլն դրամ: Ծրագիրն ավարտվել է, սակայն  այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Նորոգման աշխատանքների կիսատ մնալու պատճառով մարզային գրադարանի գեղարվեստական գրականության մի մասը գտնվում է Իջեւանի թիվ 5 դպրոցում: Շենքի երկրորդ հարկն ամրացման նպատակով  ցանցապատվել է, սակայն գործը կանգ է առել: Այս տարվա հուլիսի 15-ին Իջեւան կատարած այցի ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ծանոթացել է գրադարանի շենքի վիճակին եւ ասել, որ շենքի նորոգումն ավարտելու համար ՀՀ  սոցիալական ներդրումների հիմնադրամից  լրացուցիչ 30 մլն դրամ պետք է հատկացվի: Իջեւանի բնակիչները մեզ հետ զրույցում տարակուսանք էին հայտնել, որ  գրադարանի նորոգման համար հատկացված  54 մլն դրամը չի բավարարել` նշելով, որ այն ոչ նպատակային է ծախսվել: Քաղաքաշինության պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի աշխատակիցները հայտնեցին, որ մարզային գրադարանի նորոգման ակտի ներքո ընդունող հանձնաժողովը չի ստորագրել, որ քաղաքաշինության նախարարությունից իրենցից տվյալներ են պահանջել մարզային գրադարանում կատարված  աշխատանքների վերաբերյալ: Երեւանում պարզել են, որ Հայաստանի Ազգային գրադարանի նորոգման գործում «ատկատներ» են եղել: Իսկ Իջեւանում Տավուշի մարզային գրադարան այցելած քաղաքաշինության նախարարության աշխատակիցները չե՞ն կարողանում պարզել, թե  ուր  է «անհետացել» գրադարանի նորոգման համար պետբյուջեից, այսինքն` հարկատուներիս գրպանից տրամադրված 54 մլն դրամը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս