ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը ընտանիքի միջազգային օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիքի միջազգային օրվա այս տարվա «Տղամարդիկ՝ գլխավո՞ր» թեման ընդգծում է ժամանակակից ընտանիքներում գենդերային հավասարության և երեխաների իրավունքների կարևորությունը:

Ողջ աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով կանայք ընդունվում են որպես ընտանիքներում հավասար զուգընկերներ և որոշում կայացնողներ, ինչպես և պետք է լինի, ինչն էլ նպաստում է երեխաների ամբողջական և ներդաշնակ զարգացման համար բարենպաստ միջավայր ապահովելուն:

Սակայն չափազանց շատ երկրներում կանանց նկատմամբ խտրականությունը և երեխաների իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը շարունակում են ներգծված լինել ընտանեկան օրենքներում և կառավարությունների քաղաքականություններում, իսկ տիրող հասարակական նորմերը հաճախ անտեսում և արդարացնում են բազմաթիվ խտրական գործողություններ:

Սոցիալական և տնտեսական գինը անդրադառնում է բոլորի վրա: Խտրականությունն ու անտեսումը հաճախ հանգեցնում են բռնության, վտանգում կանանց և երեխաների առողջությունն ու սահմանափակում ամբողջական ուսում ստանալու և ներուժը լիարժեք իրացնելու նրանց հնարավորությունը: Այս շրջապտույտը միտում ունի շարունակվելու նաև հաջորդ սերնդի դեպքում, քանի որ ավելի հավանական է, որ բռնության ենթարկված երեխաները բռնության դիմեն չափահաս տարիքում:

Սոցիալական և տնտեսական արդարացի զարգացումը կախված է արդար իրավական դաշտից և սոցիալական նորմերից, որոնք աջակցում են կանանց և երեխաների իրավունքներին: Խտրական օրենքներն ու գործելակերպերը, որոնք չեն ապահովում հավասար իրավունքներ բոլորի համար և ճնշում են կանանց ու երեխաների իրավունքները, տեղ չունեն ժամանակակից ընտանիքներում, համայնքներում, հասարակություններում ու պետություններում:

Այս միջազգային օրը եկե՛ք կամք հանդես բերենք՝ փոխելու իրավական և սոցիալական նորմերը, որոնք խրախուսում են տղամարդկանց գերիշխանությունը կանանց նկատմամբ, ամրապնդում խտրականությունը և թույլ չեն տալիս վերացնել բռնությունը ընտանիքի խոցելի անդամների հանդեպ: Մինչ ձևավորում ենք կայուն զարգացման նոր օրակարգը և պայքարում հանուն բոլորի համար արժանապատիվ աշխարհի, եկե՛ք միասնաբար հանդես գանք հանուն ընտանիքներում և ընդհանրապես՝ հասարակություններում կանանց ու երեխաների իրավունքների:




Լրահոս