ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՎԱՐՊԵ՛Տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սոս Սարգսյանի ծննդյան օրն էր: Ցավոք, կենդանի լեգենդն իր ծննդյան օրն անցկացրեց անկողնում: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել սիրված դերասանին` թոքերի անբավարարվածություն նախնական ախտորոշմամբ: Քիչ ուշ տեղեկացանք, որ վարպետը թեեւ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բայց առողջական վիճակը բավարար է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ` առողջություն մաղթելու եւ տարեդարձը շնորհավորելու նպատակով: Բջջայինին պատասխանեց դերասանի վարորդն ու պարզաբանեց մեր մի քանի հարցերը: Նրանից տեղեկացանք, որ Սոս Սարգսյանի առողջական վիճակը դեռ անկայուն է, բայց նախորդ օրերի համեմատ բժիշկները բարելավում են արձանագրել, սակայն դեռ պալատ տեղափոխելու մասին խոսք չի եղել: Վարպետը նաեւ ինտենսիվ թերապիայի կուրս է անցնում: Նրա սենյակ մտնելու թույլտվություն ստանում են միայն հարազատները:
Հիշեցնենք, որ Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երեւան ու աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991թթ. եղել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997-2006թթ. Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորն էր, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը: 2009թ. ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի անդամ: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում` «Նվագախմբի տղաները»… «Եռանկյունի»… «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»….
«Ժողովուրդ» օրաթերթը շուտափույթ ապաքինում է մաղթում մեր սիրելի վարպետին:




Լրահոս