ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս մի տհաճ իրավիճակի ականատես դարձա: Երթուղային տաքսին՝ քաղաքացիներով «բեռնված», ընթանում էր, եւ ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց մեքենայի վարորդին ու տեղեկացրեց, որ հիմա պետք է տեխզննում անցկացնի: Բնականաբար, ուղեւորներն իջան երթուղայինից եւ ստիպված եղան սպասել այնքան ժամանակ, մինչ ոստիկանը կավարտեր իր աշխատանքը: Խնդրում եմ ասել՝  արդյոք կա նման օրենք կամ ՃՈ-ն իրավունք ունի ամեն քայլափոխի երթուղային տաքսի կանգնեցնել եւ զննել մեքենայի տեխնիկական վիճակը: Մեքենաները մինչեւ «գիծ դուրս գալը» տեխնիկական զննում չե՞ն անցնում:

Նարե Գրիգորյան (24 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ճանապարհային ոստիկանը կարող է հանպատրաստից տեխզննում իրականացնել, եթե նա ենթադրում է, որ հիմքեր ունի, մասնավորապես տեղեկություններ կան, որ, օրինակ, մեքենան գողացված է, առեւանգված է կամ մեքենայում զինված ուղեւոր կա եւ այլն:
Բայց այս դեպքում ճանապարհային ոստիկանը պետք է ներողություն խնդրի ուղեւորներից, նրանց իջեցնի երթուղայինից, տեղափոխի մեկ ուրիշ տրանսպորտային միջոց, որից հետո նոր միայն անցկացնի իր տեխզննումը: Այլ ոչ թե քաղաքացիներին թողնի փողոցում կանգնած: Կրկնում եմ՝ միայն այն դեպքում, եթե ոստիկանը կասկածներ ունի: Նման դեպքերում ՃՈ աշխատակիցը պարտավոր է վարորդին եւ ուղեւորներին տեղեկացնել մեքենան կանգնեցնելու եւ ստուգում իրականացնելու դրդապատճառները:

«Աքիլլես ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» հ/կ տնօրեն
Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր երկրի իշխանությունը դեռ բավական երկար ճանապարհ ունի  անցնելու, որպեսզի հասնի այն կետին, երբ ստորին օղակները կկարողանան օրենքով շարժվել եւ տարրական հարգանք ցուցաբերել շարքային քաղաքացիների նկատմամբ: Իհարկե, վերը նշված իրավիճակում եթե անգամ ՃՈ-ն, քաղաքավարություն դրսեւորելով, ներողություն խնդրի քաղաքացիներից (ինչը, իհարկե, զարմանալի է), դա իրավիճակը չի փրկի, քանի որ մարդիկ շտապում են տեղ հասնել, ու հանկարծ ոստիկանությունը զննության նպատակով կանգնեցնում է երթուղայինը: Համաձայնե՛ք՝ անհարմարություն է պատճառվել երեւանաբնակներին:




Լրահոս