Արմավիրի ԲԿ-ի տնօրենը աշխատողներից պահումներ է կատարում, կենտրոնը մեծ պարտքեր ունի. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Խաչատրյանը պոլիկլինիկայի և հիվանդանոցի աշխատակիցների աշխատավարձից համապատասխանաբար 5 և 10 տոկոս պահումներ է կատարում, քանի որ, ըստ տնօրենի հավաստիացումների, բժշկական կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի:

Armlur.am-ի խմբագրություն դիմած անձը, ում տվյալները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, ներկայացրեց, որ 2012 թվականից սկսած ԲԿ-ում տեղի են ունեցել անօրինական պահումներ` պատճառաբանելով, թե իբր կենտրոնը սնանկ է և օրենքով պետք է նման պահումներ կատարվեն: Սակայն, աշխատակիցները վստահեցնում են, որ բժշկական կենտրոնը և պոլիկլինիկան ֆինանսական որևէ խնդիր չունեն և աշխատում են սովորականից ավելի լավ: «Այն ժամանակ ստուգողներ եկան բժշկական կենտրոն, որից հետո ժամանակավորապես դադարեցվեցին պահումները»,- պատմեց քաղաքացին:

Մեզ դիմած անձը նշեց, որ տնօրեն Սարգիս Խաչատրյանը երեկ կայացած նիստի ժամանակ հայտարարել է, թե պահումները նորից սկսվում են և անկախ նրանից` աշխատողները կստորագրեն փաստաթուղթը, թե ոչ, միևնույն է, այդ պահումները կատարվելու են: «Մենք դիմել ենք մարզպետարան, առողջապահության նախարարության թեժ գիծ, որտեղից մեզ ասել են, որ նման բանից տեղյակ չեն: Բայց բժշկական կենտրոնի աշխատողները, որոնց աշխատավարձը, համեմատած պոլիկլինիկայի աշխատողների, ավելի բարձր է, այդքան էլ չեն դժգոհում պահումներից: Բայց պոլիկլինիկայի 32 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողն ի՞նչ անի»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: Վերջինս նաև տեղեկացրեց` արդեն աշխատողներից մի քանիսին ստիպել են ստորագրել ծանուցումները:

Armlur.am-ը կապ հաստատեց ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ, ով բավական վրդովված էր և հորդորեց չխառնվել իրենց գործերին: «Դա իմ իրավունքն է: Երբ ֆինանսական վիճակը վատանում է, բժշկական  կենտրոնի դեղորայքը թանկանում է, և մեր միջոցներն այլևս չեն բավարարում բժշկական կենտրոնը պահելու համար, տնօրենին տրված է իրավունք նման փոփոխություններ, նման օրենքներ կիրառելու: Ես չեմ գտնում, որ դա եսիմ ինչ երևույթ է: Դա իմ իրավունքն է, դուք ոնց եք եկել ասում` ձեր իրավունքը, եսիմ ինչը… Ես օգտվում եմ իմ իրավունքից, ինչո՞ւ են նշանակել տնօրեն: Բոլորին նշանակեմ 500 հազար դրամ աշխատավարձ, թող բժշկական կենտրոնը վարի՞ գնա»,- բորբոքված պատասխանեց ԲԿ-ի տնօրենը:

Վերջինս նշեց, որ իրենց կենտրոնը պարտքերի տակ է. «7 մլն արդեն էլեկտրաէներգիայի պարտք ենք, 8 մլն էլ` դեղորայքի: Նենց որ, դա իմ իրավունքն է, խնդրում եմ, մի խառնվեք այդ գործին»,- ասաց տնօրենը և հավելեց` մարզպետարանում ժողովի է և չի կարող պատասխանել մեր հարցերին: «Ես ժողովի եմ, որից հետո հյուրեր ունեմ, պետք է տեղ գնամ: Ի՞նչն է Ձեզ հետաքրքրում, իմ իրավունքը ես օգտագործում եմ, որպեսզի բժշկական կենտրոնը նորմալ զարգանա: Երբ որ ես 80 մլն պարտքով ընդունեցի այդ հիմնարկը, ինչու չէիք զանգում ասեիք` ինչո՞վ օգնենք»,- ասաց Սարգիս Խաչատրյանը և անջատեց հեռախոսը:

Կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության լրատվական վարչության հետ, պարզելու` այնտեղ տեղյակ են բժշկական կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Պարզվեց` նախարարությունը նման ահազանգ ստացել է, սակայն քանի որ տվյալ բժշկական կենտրոնը գտնվում է մարզպետարանի հսկողության ներքո, խորհուրդ տվեցին դիմել մարզպետարան: Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ իրենք կենտրոնի պարտքերի հետ կապված որևէ տեղեկություն չունեն, քանի որ բժշկական կենտրոնը գտնվում է մարզպետարանի հսկողության ներքո: Հայտնեցին նաև, որ եթե իրենք գրավոր բողոք ստանան, ապա Առողջապահության նախարարության վերահսկողության վարչությունը վարույթ կհարուցի և ստոգումներ կիրականացնի:

Armlur.am-ը փորձեց նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ խոսել, սակայն վերջինս նշեց, որ բավական զբաղված է, և հարցը գրավոր ուղարկելու դեպքում կպատասխանի: Մարզպետարանի մեկնաբանությունը կներկայացնենք ավելի ուշ:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս