Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:
Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Արամ Գահնապետյանը նախարարին ներկայացրել է Փորձագիտական կենտրոնի գործունեությունը, փորձաքննությունների առանձին տեսակների կատարման պայմանները, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակը:
Լրագրողերի հետ զրույցում նախարար Հովհաննես Մանուկյանն ընդգծել է Փորձագիտական կենտրոնի կարևորագույն դերը Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի համար և առանձնացրել քննչական ու դատական մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների՝ սեղմ ժամկետներում կատարման կարևորությունը, փորձաքննության առանձին տեսակների ընդլայնման անհրաժեշտությունը:
Նախարարի խոսքով՝ Փորձագիտական կենտրոնը, լինելով ոլորտի առաջատարը, կարևորագույն օղակ է, որը սպասարկում է քրեական հետապնդման մարմինների, դատարանների գործունեությունը:
«Կենտրոնի գործունեությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, որովհետև դրա արդյունավետությունից է կախված քրեական վարույթների արդյունավետ ընթացքը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված փորձաքննության պատշաճ և ժամանակին կատարման արդյունքում կազմված եզրակացությունը քրեական դատավարության ընթացքում անձի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիք է: Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որպեսզի այդ երաշխիքը պատշաճ իրացված լինի»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը, խոսելով առաջիկայում նախատեսվող բարեփոխումներից, առանձնացրել է նորագույն սարքավորումների ձեռքբերումն ու նշել, որ այդ ուղղությամբ նախարարությունն առաջարկներ է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ հաջորդ տարվա բյուջետային ծախսերում նոր սարքավորումների ձեռքբերումը նախատեսելու համար:
Այցի ավարտին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը խորհրդակցություն է անցկացրել Փորձագիտական կենտրոնի աշխատակիցների հետ, քննարկել հարցեր, որոնք վերաբերել են փորձագետների որակավորման պահանջներին ու ընթացակարգերին, փորձաքննության առանձին տեսակների լիցենզավորմանը, փորձագետների աշխատանքի նյութական և սոցիալական երաշխիքներին և այլն: Շեշտվել է այդ հարցերը հիմնարար իրավական ակտով կարգավորելու կարևորությունը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն