Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրային քննարկման ժամանակ երեկ ներկաները կոչ էին արել չքաղաքականացնել պայքարը: Այսօր կայացած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, թե խնդիրը հենց այն է, որ որոշ բաներ փորձում են անջատել քաղաքականությունից:
«Մեր կարծիքով նման բան գոյություն ունենալ չի կարող: Չկան հարցեր, որոնք քաղաքացիական կամ քաղաքական են, դրանք նույն հարցերն են: Չքաղաքականացնելու մասին թեզիսները պայքարի ուժգնությունը թուլացնելուն է միտված», – նշեց նա:
Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց, թե միասնական պայքարն անպայման կտա իր արդյունքը և որպես օրինակ մատնանշեց տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը: Նա ընդգծեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից տուժելու են նաև հանրապետական արտադրողները, քանի որ ապրանքները կդառնան անմրցունակ և թանկ:
Լևոն Զուրաբյանն էլ հավելեց, թե թալանն արդեն իշխանությունների ոճն է դարձել: «Նաիրիտ»-ը թալանեցին, բերել են «մախինացիաներ» են կատարել, որի հետևանքով էլ ընկերությունը դարձել է ինքն իր սեփականատերը: Կորել են տասնյակ միլիոնավոր դոլարներ: Բոլորը գիտեն, որ տեղի է ունեցել գողություն, պատասխանատուներն էլ հայտնի են: Բայց հիմա ոչ ոք չի ցանկանում` գնա և պարզի, բռնի այդ մարդկանց ձեռքը և վերադարձնի գումարները: Նույն բանն էլ կատարվում է ՀԷՑ-երի հետ կապված: Գողացել են գումարները, հիմա գոնե գողին բռնեն, գումարները ետ բերեն, ասում են գտնենք ձևեր, թե էտ գողացածը ոնց ենք փակելու: Սա գողությունն օրինականացնելու մի քաղաքականություն է, որն իշխանությունները ցանկացած հարցում իրականացնում են: Դրա պատասխանատուն առաջին հերթին Սերժ Սարգսյանն է: Քանի որ այս ընթացքում կառավարությունները կարող են փոխվել, բայց ո՞վ պետք է նայեր այդ ամենին, ո՞վ պետք է պատասխանատվության կանչեր: Թե՞ իր ֆունկցիան միայն այն է, որ մի գողին փոխարինի մյուսով», – եզրափակեց նա: