Թուրքիան լրջորեն նեղացել է Ռուսաստանից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա դիրքորոշման համար. ոչ բարեկամական հայտարարությունները, այդ թվում նաև Ղրիմի վերաբերյալ, հետևում են միմյանց: Իսկապե՞ս երկու երկրների միջև հարաբերությունների սառցման փուլ է սկսվում և կարո՞ղ է սա ազդել Ռուսաստանի համար սկզբունքային «Թուրքական հոսք» նախագծի վրա, հարցադրում է անում ռուսական «Взгляд» թերթը:
Թերթը մասնավորապես հիշեցնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ թուրքական ոչ պաշտոնական պատվիրակությունը, որը եղել է Ղրիմում, հայտնաբերել է մարդու իրավունքների ոտնահարման նշաններ:
«Առավել կոպիտ հայտարարություններ են հնչել նախօրեին Թուրքիայի ղեկավարների շուրթերից: «Ղրիմի ապօրինի միացումը չի կարող ոչ մի կերպ ընդունվել»,- ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների նիստին` հայտարարել է երկրի վարչապետ Ահմետ Դավութօղլուն:
Թերթը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի, Ղրիմի ու Վրաստանի հանդեպ չի կարելի օրինաչափ համարել:
«Ակնհայտ է, որ Անկարայի հակառուսական հայտարարությունները, այդ թվում նաև Ղրիմում ու Ուկրաինայում Մոսկավայի քաղաքականության «անճշտությունների» հիշատակումները, հետևել են ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Երևան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին»,-գրում է թերթը: