Լիսկան հավաքական կերպար է, մեր երկրի դեմքն է. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր այս անասնապահական ֆերմայում կան հավասարներ և կան ավելի հավասարներ ու ամենահավասարները, ում վրա ո´չ օրենք է տարածվում, ո´չ էլ որևէ սկզբունք է գործում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպին` այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Այդ մարդիկ պետությունից, օրենքից, իրավունքից վեր են: Նրանք բոլորն էլ Լիսկա  են», – նշեց Զուրաբյանը: «Լիսկան հավաքական կերպար է, մեր երկրի դեմքն է, մեր իշխանության», – իր հերթին էլ հավելեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Armlur.am-ի այն դիտարկմանը, թե որն է պատճառը, որ իշխանություններն այդպես ամուր պահում են Սուրիկ Խաչատրյանին, Լևոն Զուրաբյանը նշեց. «Իրենց ամբողջ իշխանությունը հիմնված է կեղծ կերպարների վրա, նման կեղծարարների վրա, ովքեր անպատիժ կերպով թալանում են երկիրը, իսկ հետո անպատիժ կերպով կեղծում են ընտրությունները: Ոնց կարող են իրենք պատժել այն մարդկանց, որոնք իրենց հենասյունն են: Հո չեն կտրելու իրենց հենասյունը»:

Արամ Մանուկյանն էլ ընդգծեց, որ մայիսի 17-ին տեղի ունենալիք համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքները ցույց կտան, որ ամենաշատ կողմ քվեարկածները լինելու է հենց Սյունիքում:

«Կեղծված ձայների այն պաշարը. որոնց օգնությամբ իրենք կարող են վճռել ընտրությունների ելքը, գտնվում է Սյունիքում: Դա գտնվում է հենց Սուրիկ Խաչատրյանի անձնական ազդեցության տակ: Եվ հենց ինքը կարող է դա ապահովել` իր տեռորով, շանտաժով»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:




Լրահոս