«Քաղաքացիական պայմանագիրը» նպատակ ունի ստանձնել ՀՀ պետական իշխանությունը. ծրագրի նախաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է նորաստեղծ կուսակցության ծրագրի նախաբանը եւ գրել, որ այն արտահայտում է իրենց գործունեության ոգին եւ ձեւակերպում նպատակները:

Ստորեւ ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի նախաբանը.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:

Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը ոչ թե մարդկանց կուտակման մեխանիկական գործողություն է, այլ երկրի բովանդակային վերակառուցման արգասիք:

Մարդու ազատության և արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների եւ կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը պիտի դառնան այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, Հին եւ Նոր Սփյուռքի հայերի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության:

Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն. այս ուղենիշներով է առաջնորդվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Իր ծրագիրն իրագործելու համար Կուսակցությունը մտադիր է կազմակերպվել որպես ինստիտուցիոնալ հանրային-քաղաքական կառույց, միավորել նշյալ նպատակներին, կուսակցության ծրագրին համախոհ ՀՀ քաղաքացիների, ովքեր մասնակից կլինեն Հայաստանի Հանրապետության՝ առաջիկա 20 տարիների զարգացման ճանապարհային քարտեզի ձեւավորմանը:

Ճանապարհային քարտեզն իրագործելու համար Կուսակցությունը նպատակադրվում է ընտրություններում ստանալ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը»:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» դահլիճում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» հիմնադիր համագումարը:




Լրահոս