Հովիկ Աբրահամյանի որդին էլ կունենա այն քաղաքական «կյանքը», ինչ-որ իր հայրն է ունեցել. կարծիքներ Արգամ Աբրահամյանի առաջադրման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, առաջադրվել է որպես Արտաշատի քաղաքապետի թեկնածու: Ա. Աբրահամյանը անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունը սատարելու է իշխող Հանրապետական կուսակցությունը: Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին: Արգամ Աբրահամյանից բացի` այս պահի դրությամբ առաջադրված է եւս մեկ թեկնածու` անկուսակցական Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովոն): Իսկ անկուսակցական Գարեգին Համբարձումյանը ինքնաբացարկ է ներկայացրել:

Հավելենք, որ ներկայումս Արտաշատի քաղաքապետը ՀՀԿ անդամ Գագիկ Մուրադյանն է, որն այս անգամ չի առաջադրվել: «Ժողովուրդ»-ը զրուցել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար նրանց տեսակետը ՀՀ վարչապետի որդու առաջադրման շուրջ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ

-Պարո՛ն Նիկոյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու փաստին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, ինչ է` այլ արժանի թեկնածու չկա՞ր ՀՀԿ-ում:

-Ես նորմալ եմ վերաբերվում այդ առաջադրմանը: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը: Դա իր իրավունքն է: Պետք է ընտրողը որոշում կայացնի, թե ով է արժանի այդ պաշտոնը զբաղեցնելու համար, որեւէ մեկն իրավունք չունի դրա մասին տեսակետ ներկայացնել, մինչեւ այդտեղի բնակիչներն իրենց ընտրությունը չկատարեն:

-Իսկ ինչո՞ւ են իշխանությունները պաշտոնները «ժառանգական» դարձրել, գրեթե բոլոր պաշտոնյաններն արդեն իրենց սուրբ պարտականությունն են համարում նաեւ սեփական ժառանգների համար համապատասխան աթոռներ ապահովելը:

-Ես համամիտ չեմ Ձեր հնչեցրած տեսակետի հետ: Յուրաքանչյուր անձի պաշտոնավարմանը պետք է մոտենալ հետեւյալ սկզբունքով՝ նրա կրթական մակարդակը համապատասխանում է, նրա աշխատասիրության կարողությունը, նվիրվածությունը, եթե այդ ամենը կա, ապա պետք չէ նայել, թե ինքը ում տղան է: Իսկ եթե չկա, ում տղան ուզում է լինի, պետք է ասել, որ այդ մակարդակին չի համապատասխանում: Այսինքն՝ դնել մեկ սկզբունք ու այդ սկզբունքով առաջնորդվել, ոչ թե նայել, թե նա ում տղան է եւ այլն:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Պարո՛ն Մարտիրոսյան, Արտաշատի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ իշխանությունը որոշեց նրա թեկնածությունը սատարել, մի՞թե այլ արժանի թեկնածու չկա:

-Հայաստանում, ըստ էության, ֆեոդալական պայմաններ են ստեղծվում, ու կարծես թե կարճ ժամանակ հետո, եթե այսպես շարունակվի, այս երկիրը ոչ օֆիցյալ բդեշխությունների կբաժանվի, ամեն մի մարզ իր բդեշխը կունենա, ու ժառանգաբար այդ տիտղոսները կփոխանցվեն: Այդ բարձրաստիճան պաշտոնատար անձինք նաեւ օլիգարխներ են եւ նման քայլերի են դիմում, որովհետեւ բոլորին քաջ հայտնի է, որ նրանք մտածում են իրենց հարստության մասին: Իրենք շատ լավ գիտեն, որ հարստությունը պահպանվում ու ավելանում է բացառապես պաշտոնատար լծակների օգտագործման շնորհիվ ուստի եւ նման քայլերի են գնում:

-Իշխանությունները հայտարարում են, որ Արտաշատ քաղաքի բնակիչները կորոշեն՝ արդյո՞ք Արգամ Աբրահամյանը…

-Իսկ մինչեւ հիմա իշխանություններն այնպես են արել, որ ընտրություններով քաղաքացիները որոշե՞ն, որ հիմա էլ արտաշատցին պետք է որոշի՞: Ինչպես ՀՀ-ի մյուս վայրերում է որոշում կայացվում, նույն ձեւով էլ որոշում կկայացվի Արտաշատի ընտրությունների ժամանակ, այդ ե՞րբ են քաղաքուցու տեսակետը լսել, որ հիմա պետք է լսեն: Պարզ է, որ այսպես շարունակվելու դեպքում Հովիկ Աբրահամյանի որդին էլ կունենա այն քաղաքական «կյանքը», ինչ-որ իր հայրն է ունեցել՝ քաղաքապետ, մարզպետ, նախարար… վարչապետ կլինի, թե չի լինի, դա չեմ կարող ասել, բայց այդքանը կարող է երաշխավորված լինել: Այս պահին մենք Հովիկ Աբրահամյանի որդու մասին ենք խոսում, բայց ՀՀ-ն, կարծես թե, այդ ֆեոդալական շրջապտույտի մեջ է մտել՝ խնամիական կապեր, փեսաներ, որդիներ եւ այլն: Կարող են նշել, թե բուշերի կամ քլինթոնների ընտանիքները ինչպես են ԱՄՆ-ում նախագահում, բայց խնդիրն այն է, որ նրանք օլիգարխներ չեն, կարողություն ունեն, բայց իրենց նման կարողություն ԱՄՆ-ում հազար հոգի ունի:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

-Տիկի՛ն Զոհրաբյան, ԲՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու իրողությանը:

-Ցանկացած քաղաքացի Սահմանադրությամբ իրավունք ունի առաջադրվելու, մեր հանձնաժողովներին տրված է մեկ հանձնարարական` կլինի Արտաշատում, կլինի որեւէ այլ համայնքում, պետք է ամեն ինչ անել՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովվելու համար: Այստեղ կարեւորը անձը չէ, այստեղ կարեւոր է, թե ինչպես կկարողանան իրականացնել քաղաքի ղեկավարումը, պետք է քաղաքապետի աշխատանքից գոհ լինի ՀՀ քաղաքացին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս