ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը հաշվի է առնում ներկայիս մակրոտնտեսական ցուցանիշները; Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով 2013 թ. պետական բյուջեն: “Այս պահի դրությամբ, ԱՎԾ տվյալների ամփոփումից հետո, ունենք մոտ 7% տնտեսական աճ, իսկ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3.1%-ի փոխարեն կլինի ավելի ցածր՝ մոտ 2.8%: Բյուջեի եկամտային մասն ամբողջությամբ կատարում ենք, այս մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա էլ կանխատեսում ենք 2013 թ. բյուջեն”,- ասաց Տ. Սարգսյանը:
Առաջին անգամ պետական բյուջեն ներկայացվում է “Ծրագրի ռիսկերն ու դրանց առանձնահատկությունները” ֆորմատով: Այսինքն՝ նկարագրվում են ոչ միայն ռիսկերը, այլեւ դրանց կանխարգելման կամ հետեւանքների դեմ իրականացվող քայլերը:
Ըստ Տ. Սարգսյանի՝ 2013 թ. պետական բյուջեն հիմնված է երեք սկզբունքների վրա՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում եւ արդյունավետ ինստիտուտների զարգացում: Այս սկզբունքների հիման վրա թիրախավորվել են 4 նպատակներ.
1. Տնտեսական բարձր աճի պահպանում եւ դիվերսիկացիայի շարունակում,
2. Սոցիալական քաղաքականություն, որտեղ արմատական փոփոխություններ են առաջարկվում, մասնավորապես՝ սոցիալական ապահովության քաղաքականությունից անցում սոցիալապես խոցելի խավերի համար կրթություն ստանալու, աշխատանք ձեռք բերելու, վերապատրաստելու, առողջապահական ծառայություններ երաշխավորելու քաղաքականության:
3. Երրորդ՝ գործարար եւ ներդրումաին միջավայրի բարելավում: Այս առումով Տ. Սարգսյանը նշեց, որ 2013 թ. պետք է լինի բեկումնային, թեեւ Doing business-ում արդեն իսկ առկա է 18 կետով բարելավում: Սակայն պետք է շարունակվեն բարեփոխումները առեւտրի պայմանների բարելավման, հարկահավաքման գործընթացի, դատական ոլորտներում (դատական վեճերի լուծումը տեւում է 400 օրից ավելի): Կարեւոր նշանակություն է տրվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բանակցություններին:
4. Մակրոտնտեսական կայունության ապահովում: Բոլոր կանխատեսումերով՝ համաշխարհային տնտեսությունը վտանգավոր իրավիճակում է՝ ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն նվազեցնում են տնտեսական աճի կանխատեսումները, ընդ որում՝ նաեւ զարգացող երկրների համար: “Պետք է զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնենք”,- նշեց Տ. Սարգսյանը: