Ինչու ՄԻԵԴ-ում դատավոր չունենք. մեկ տարի է հարցը մնում է առկախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորի պաշտոնը թափուր է: Անցած տարվա սեպտեմբերից հետո Հայաստանն արդեն երկու անգամ կազմակերպել է ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից նշանակվելիք դատավորի թեկնածուների ընտրություն: Թվում էր, թե ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, որը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 20-ից 24-ը, պետք է որ այդ հարցը լուծվեր, բայց մինչ օրս այն մնում է առկախված:

Սա այն դեպքում, երբ վերջին ընտրությունները, որոնք տեղի ունեցան այս տարվա փետրվարի 26-ից 27-ը, դեռեւս մարտի 2-ին ամփոփվել են: Նշենք, որ ընտրությունները կազմակերպած հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ որոշվեց, որ հաղթողները ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանն է, իրավաբան Արայիկ Ղազարյանը եւ ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Այնուհետեւ տեղի ունեցան երկրորդ ընտրությունները, որոնք գրեթե նույնությամբ կրկնեցին առաջինի արդյունքները: Հիշեցնենք, որ 2014-ին հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության արդյունքներով կրկին հաղթողներ էին ճանաչվել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը եւ իրավաբան Արայիկ Ղազարյանը: Տարբերությունն այն էր, որ նախորդ ընտրության ժամանակ երրորդ հաղթողը, որը անպայման կին պետք է լիներ, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանն էր:

Իսկ հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընտրությունների ժամանակ միեւնույն` չորրորդ տեղն էր զբաղեցրել եւ հաղթողների ցանկից դուրս էր մնացել: Ի սկզբանե հայտնի էր, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի թույլ չտան, որ Վահե Գրիգորյանն ընդգրկվեր ԵԴ դատավորների թեկնածուների ցանկում, եւ ցանկացած պարագայում նրան չէին ընդգրկելու հաղթող եռյակում: Բայց մյուս կողմից փաստ էր, որ առաջին մրցույթը տապալվեց հիմնականում հենց Վահե Գրիգորյանի ջանքերով: Իսկ արդյո՞ք նա չի կարողանա նաեւ երկրորդի ժամանակ եւս ապացուցել, որ ընտրությունները ուղղորդվել են եւ խախտումներով են տեղի ունեցել: Այս պահին առկա վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ նման հեռանկարը շատ իրատեսական է, եւ բացառված չէ՝ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ստիպված լինի անվավեր ճանաչել ԵԴ Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ իր կողմից ստորագրված փաստաթղթերը եւ նշանակել նոր ընտրություններ:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, ով ԵԴ դատավորի՝ Հայաստանի թեկնածուների երկու ընտրության ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացրել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԵԽԽՎ խորհրդատվական խումբը ԵԴ Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրությունների վերաբերյալ իր եզրակացությունը դեռ չի հրապարակել: Իսկ այդ եզրակացությունն անհրաժեշտ է, որպեսզի դրանից հետո նոր Հայաստանն իր թեկնածուների ցանկը պաշտոնապես ներկայացնի ԵԽԽՎ-ի քննարկմանը: Առաջին անգամ հենց այդ խմբի բացասական եզրակացությունն էր եղել պատճառը, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել էին ընտրությունների արդյունքները ԵԽԽՎ ուղարկելու մտքից եւ նոր ընտրություններ էին նշանակել:
Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանին` հունիսի 22-ից 26-ը, ընդամենը մեկ ամիս ժամանակ է մնացել, ապա դժվար թե այդ նստաշրջանի ընթացքում ԵԴ Հայաստանի դատավորի հարցը քննարկվի:

Նկատենք, որ ԵԴ Հայաստանի դատավորի հետ կապված այս պատմությունը մեկ այլ կողմ եւս ունի: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները այնքան տոգորված են իրենց համար անցանկալի հայտնի փաստաբանին այդ ցանկում չընդգրկելու մտքով, որ դրա արդյունքում Հայաստանին հավասարեցրին Ադրբեջանին: Բանն այն է, որ գարնանը լրացել է ԵԴ-ում Ադրբեջանի դատավորի պաշտոնավարման ժամկետը: Ըստ Լուսինե Հակոբյանի՝ ԵԴ Ադրբեջանի թեկնածուների վերաբերյալ ԵԽԽՎ-ի խորհրդատվական խումբը կրկին բացասական եզրակացություն է տվել: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները մի փոքր իրենց հաշիվ տային, ապա ԵԴ-ում Հայաստանի դատավորի նշանակման գործընթացը վաղուց ավարտված կլիներ, եւ այսօր արդեն այդ ամենը նաեւ կնպաստեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ոչ թե կնպաստեր, որ ԵԽԽՎ-ում Հայաստանն Ադրբեջանի հետ նույն հարթության վրա դիտարկվեր:

Հ.Գ. ԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների՝ հայտնի ներկայիս իրավական փուլի վերաբերյալ հարց ենք ուղղել ՀՀ ԱԳ նախարարությանը, որտեղից խոստացել են առաջիկայում մեզ պատասխանել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս