Շատ երեւույթներ կան, որոնց անդրադառնալ չենք կարող. մեր մենթալիտետը թույլ չի տա. Գարիկ Սեփխանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորային մի շարք նախագծերի, այդ թվում` «Ֆուլ Հաուս»-ի սցենարիստ-դերասան Գարիկ Սեփխանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ սիթքոմի երկրորդ սեզոնի նկարահանումներն արդեն ավարտվել են, սեպտեմբերից կսկսվի երրորդ եթերաշրջանը: Նա պատմել է, թե իրենց անձնակազմն ինչ անակնկալ է պատրաստում ռուսաստանցի հանդիսատեսի համար: Դերասանն անդրադարձել է նաեւ կադրից դուրս, առօրյա կյանքում գրանցվող զվարճալի դեպքերին` հիշելով դրանցից ամենաուշագրավը:

10307220_938826062816841_5632151094514353112_n

-Գարի՛կ, ըստ Ձեզ՝ սիթքոմի ժանրը Հայաստանում կայացե՞լ է, այս առումով դեռեւս ի՞նչ բացեր եք տեսնում:

-Սիթքոմն, առհասարակ, անգլիական ֆորմատ է, իհարկե, այն Հայաստանում դեռեւս հաստատվելու խնդիր ունի, իսկ այդ գործընթացը մեծապես պայմանավորված է տվյալ ազգի մենթալիտետով: Եթե, օրինակ, վերցնենք ռուսական սիթքոմները, կտեսնենք, որ դրանցում հումորներն ավելի բաց են, խոսքը` ազատ, անգլիական սիթքոմներում կարող ենք հանդիպել համասեռամոլների կերպարների. նման շատ երեւույթներ կան, որոնց մենք անդրադառնալ չենք կարող, մեր մենթալիտետը դա մեզ թույլ չի տա: Փորձը ցույց է տալիս, որ մեր ժողովրդին հոգեհարազատ են քաղաքական, սոցիալական բնույթի հումորները եւ հումորի այն տեսակները, որոնք հիմնված են աֆերիզմի վրա:

-Վերջերս «Ֆուլ Հաուս»-ին հյուրընկալվել էր Գարիկ Մարտիրոսյանը. նրա հետ նկարահանումներն ինչպե՞ս անցան:

-Գարիկը Մենչի (Արմեն Պետրոսյան)` մեր հաղորդման պրոդյուսերի ընկերն է, վերջինիս խնդրանքով նա նկարահանվեց մեր նախագծում: Ի դեպ, սա առաջին անգամը չէր, որ նրա հետ աշխատում էինք. Գարիկն ավելի վաղ իր մանսակցությունն էր ունեցել նաեւ «Երե1» նախագծին: Նրա հետ աշխատելը, միանշանակ, հաճելի գործընթաց էր, Գարիկը շատ տաղանդավոր մարդ է, որից միշտ սովորելու բան կա:

1

-Վստահ ենք, որ հումորով լի է նաեւ Ձեր առօրյան. կադրից դուրս ի՞նչ հետաքրքիր, զվարճալի դեպքեր են գրանցվել, որոնց մասին կուզենաք պատմել:

-Սցենարը գրելու պրոցեսից մինչեւ նկարահանումների ընթացքը գրանցվում են մի շարք զվարճալի դեպքեր. հումորն ամենուր է: Օրինակ` կարող եմ ասել, որ իմ բոլոր կերպարների անունները մշտապես ուղեկցել են ինձ, այնպես որ, արդեն մի քանի անուն ունեմ (ծիծաղում է): Ինձ հետ առօրյայում տեղի ունեցած դեպքերից կառանձնացնեմ մեկը. հիշում եմ` մի օր սուպերմարկետում սովորականի պես առեւտուր էի անում, հանկարծ մոտեցավ մի կին, ջերմ բարեւեց, ասաց` ոնց ես բարեկամ, շատ երկար զրուցեցինք, մանրամասն պատասխանեցի նրա բոլոր հարցերին, բայց այդպես էլ չմտաբերեցի, թե նա ով է: Իսկ մեր զրույցի ավարտին այդ կինն ասաց` այնքան ենք Ձեզ դիտում հեռուստացույցով, որ մտել եք մեր տները, դարձել եք մեր բարեկամը: Այդ ժամանակ միայն հասկացա, որ նա ինձ հետ որեւէ արյունակցական կապ չուներ (ծիծաղում է):

-Գիտենք, որ լոռեցի եք, երբեւէ լոռեցու կերպար կմարմնավորե՞ք:

-Ծնողներս արմատներով Նոյեմբերյանից են, բայց ես Լոռիում եմ ծնվել, լոռեցիների հետ շփումս մեծ է, նրանք շատ հումորով մարդիկ են: Ամեն անգամ հանդիպումների ընթացքում այնքան շատ պատմություններ են պատմում, որ կարելի է դրանց հիման վրա ամբողջական սցենարներ գրել (ծիծաղում է): Կոնկրետ լոռեցու կերպարում ինքս ինձ դեռ չեմ փորձել, բայց եթե հարկ լինի, կարող եմ խոսել լոռվա բարբառով. այն ինձ շատ հոգեհարազատ է:

-Գարի՛կ, իսկ տանը Ձեր դերերը քննարկո՞ւմ եք, Ձեր կինը ամենից շատ Ձեր ո՞ր կերպարն է հավանում:

-Տանը քննարկումներ առանձնապես չեն լինում, այն կերպարների համար, որոնց Դուք «պատրաստի» տեսնում եք էկրաններից, ամիսներով գրվում են կենսագրություններ, կերտվում են «ճակատագրեր», այնպես որ քնարկումները բուռն են աշխատանքային միջավայրում: Իսկ իմ կերպարներից կինս շատ է սիրում Մակիչին եւ Հայրոյին:

10898160_616241978482375_3647606031661155141_n

-Եվ վերջում, «Ֆուլ Հաուս»-ի շրջանակներում ի՞նչ հետաքրքիր զարգացումներ կլինեն, եւ ի՞նչ անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին:

– Սիթքոմի երկրորդ սեզոնի նկարահանումներն արդեն ավարտել ենք, սեպտեմբերից կսկսվի երրորդ եթերաշրջանը: Անակնկալ ունենք Ռուսաստանի մեր հանդիսատեսի համար. առաջիկայում պատրաստվում ենք «Ֆուլ Հաուս»-ի անձնակազմով համերգով հանդես գալ Ռուսաստանի 13 քաղաքներում, բեմում կներկայանանք այնպիսի իրավիճակներում, որոնք հնարավոր չէ տեսնել եթերում: Ի դեպ, ամիսներ առաջ մեր կազմով ելույթ ունեցանք ԱՄՆ-ում, որտեղ մեզ հրաշալի ընդունեցին, հուսով ենք` Ռուսաստանում եւս արձագանքները բուռն կլինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս