Այսօր Արմենիա-Մարիոթ հյուրանոցի սրահներից մեկում հրավիրված՝ ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր: Նիստին հրավիրված էին մասնակցելու ԱԺ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորները, Գյումրիի քաղաքապետը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչը, ճարտարապետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստը բացելով, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, նշելով, որ ներկա քննարկումը փորձ է՝ քաղաքաշինության նախարարության կոլեգիան վերածելու ռազմավարական լուրջ խնդիրներ քննարկող հարթակի: «Այսօրվա քննարկումը վերաբերում է Գյումրիին և նպատակ ունի ի վերջո աղետի գոտու էջը փակելով (2015 թվականին երկրաշարժից տուժածների բնակապահովման խնդիրը Գյումրիում կլուծվի, իսկ 2016 թվականին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում կիրականացվեն համանման ծրագրեր) Գյումրիի զարգացման ծրագրերի մասին մտածելու: Այս առումով նախատեսում ենք կազմակերպել նաև արտագնա նիստեր Գյումրիում: Գյումրին ամբողջական քաղաքաշինական օրգանիզմ է և բացառիկ արժեք ունի մեզ համար՝ ոչ միայն իր ճարտարապետական առանձին շենքերով, այլ` որպես քաղաքային միավոր: Առայսօր այն քննարկվել է տարածքային համաչափ զարգացման համատեքստում, կարծում եմ, ժամանակն է, որ Գյումրին քննարկվի երկկենտրոն զարգացման շրջանակում: Էջմիածինը որպես հոգևոր մայրաքաղաքի օրինակ արդեն ունենք, բնականաբար, կարելի է և ճիշտ կլինի Գյումրին էլ դիտարկել որպես որոշակի մայրաքաղաքային ֆունկցիաներ ունեցող քաղաք: Գյումրիին մոտ կանգնած և ներդրում ունեցող մեր մասնագետներին՝ վաստակավոր ճարտարապետներ Մուշեղյանին և Քալաշյանին հրավիրելով առաջարկել եմ, որ համատեղ մտածենք՝ ինչ հնարավոր և իրատեսական ծրագրեր կարող ենք իրականացնել»:
Հիմնական զեկուցողներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը համառոտ ներկայացրեց Գյումրիի զարգացման իր առաջարկը՝ կենտրոնանալով գերծանրաբեռնված Երևանը որոշակիորեն բեռնաթափելու և այդպիսով նաև տարածքային համաչափ զարգացմանն ուղղված քայլեր կատարելու վրա: Մասնավորաբար, նա այդ հարցի լուծումը տեսնում է մայրաքաղաքը բեռնաթափելու քաղաքականության արդյունքում՝ Երևանից Գյումրի 1-2 բուհական հաստատությունների տեղափոխմամբ (ի դեպ, նման հարց դեռ խորհրդային տարիներին է դրվել, երբ Աբովյան քաղաքը դիտարկվում էր դարձնել ուսանողական քաղաքի նախատիպ), ինչը կնպաստի Գյումրիի երիտասարդացմանն ու աշխուժացմանը, ինչպես նաև՝ Երևանի հանգույն Գյումրիում ևս ներդրումային ակտիվ դաշտ ձևավորելով:
Շարունակելով գործընկերոջ գաղափարը և լրացնելով այն, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրիի նախկին ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր զեկույցում ներկայացրեց Գյումրիի զարգացման ծրագրային առաջարկներից մեկը՝ որպես օրինակ դիտարկելով նախկին տեխնոպարկի նախագիծը, որով ըստ նրա, կարելի է Գյումրիի համար ապահովել լուրջ զարգացում՝ այնտեղ տեղափոխելով մայրաքաղաքային որոշ կրթօջախներ:
Հաջորդ ելույթ ունեցողները՝ Աժ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը, ինչպես նաև՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետարանի ներկայացուցիչ Ալբերտ Մարգարյանը ողջունելով քաղաքաշինության նախարարության նախաձեռնությունը, իրենք ևս Գյումրիի զարգացման վերաբերյալ շահագրգիռ առաջարկություններ արեցին՝ շեշտելով վերջինիս կերպարը բնութագրող մշակութային սպորտային ուղղությունները:
Քննարկումը արդյունավետ էր՝ հագեցած տեսակետների և առաջարկությունների բազմազանությամբ, ինչն իր ամփոփիչ խոսքում արձանագրեց նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը. Երբ նախաձեռնում էինք այս հանդիպումը, վստահ էինք, որ տարբեր տեսակետներ կլինեն, ընդհուպ՝ կրքերի բախում: Նախաձեռնելով այս հարթակը, միաժամանակ իբրև կառավարության օղակ նշում ենք՝ ոչ միայն անտարբեր չենք Գյումրիի հանդեպ, ոչ միայն առօրյա խնդիրներով ենք մտահոգ, այլ այսուհետ փորձում ենք նման հարթակներով լուծել մի շարք իրատեսական ծրագրեր, ընդ որում, դասակարգելով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Քաղաքաշինության նախարարը Գ. Մուշեղյանի առաջարկները իրատեսական լուծումներից մեկն է համարում, միաժամանակ, Ս. Քալաշյանի կողմից ներկայացված՝ Գյումրիում նախկին տեխնոպարկի համար նախատեսվող հատվածը դիտարկելով որպես այդ առաջարկության իրագործման տարածք:
Քննարկման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնելով քաղաքաշինության նախարարին Գյումրիի վերաբերյալ արդյունավետ քննարկում նախաձեռնելու համար, հավանությամբ ընդունեցին նաև Գյումրիի գծով աշխատանքային խումբ և միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու՝ նախարար Սարգսյանի առաջարկը, ուր կներառվի ոլորտային և մասնագիտական ներկայացուցչական կազմ, շահագրգիռ քննարկումներ կազմակերպելով նաև Գյումրիում: