
Մայիսի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում-ընդունելություն «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ:
Մասնակիցներին ողջունելու էին եկել Ավստրիայում բնակվող հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիացի լրագրողներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր բարեմաղթանքները հղեց մասնակիցներին եւ անդրադառնալով երգի գաղափարին` քաջալերեց բոլոր ներկաներին` աջակցել «Եվրատեսիլ-2015»-ում հայ մասնակիցների հաղթանակին:
Խմբի յուրաքանչյուր մասնակից պատմեց իր արմատների մասին եւ կատարեց մեկ ստեղծագործություն: Վերջում «Genealogy» խմբի անդամները կատարեցին մրցույթին ներկայացվելիք «Առերեսվիր ստվերին» («Face The Shadow») երգը: