2012 թվականի սեպտեմբերին ՀՀ զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից զինծառայող Վանյա Կարապետյանին ծեծի ենթարկելու, դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող հերթական դեպքը: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
Վանյա Կարապետյանը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր 2010 թ. նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ Մատաղիսի 33651 զորամաս` 2-րդ գումարտակ, 5-րդ վաշտ: Վանյա Կարապետյանը ՀՀ զինված ուժեր զորակոչվելու ժամանակ ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, որը զորակոչային բժշկական հանձնաժողովը եւ զինկոմիսարիատը հաշվի չեն առել: Մասնավորապես՝ դեռեւս մանկուց Կարապետյանի աջ ցուցամատը միջնամասից կտրված է եղել, ինչպես նաեւ ունեցել է ոտքերի այրվածք: Վանյա Կարապետյանին նման առողջական խնդրի պատճառով դպրոցում ազատել են գրավոր աշխատանքներ գրելու պարտականությունից, իսկ ոտքերի հիվանդության պատճառով դժվարություններ է ունեցել տեւական ժամանակ կոշիկներ կրելու դեպքում: Զինկոմիսարիատում անուշադրության են մատնել այս փաստը, բուժհետազոտման ուղեգիր չեն տրամադրել եւ զորակոչել են պարտադիր զինվորական ծառայության:
Ըստ Վանյա Կարապետյանի ծնողների հայտնած տեղեկատվության՝ դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում 2012 թ-ի սեպտեմբերին: 2012 թ-ի սեպտեմբերի առաջին օրերին` մարտական դիրքերում հերթապահություն անցնելու ժամանակ, գիշերը ժամը 3-ին, վաշտի հրամանատար Գեւորգ Քարամյանը եկել է ստուգման: Մարտական դիրքում գտնվող զինծառայողներին կապավորի քնած լինելու պատճառով շարվելու հրաման է տրվել: Վ. Կարապետյանը շարման հրամանի ժամանակ, ըստ ժամանակակարգի, եղել է քնած վիճակում եւ ուշանալու պատճառով 3 անգամ ծեծի է ենթարկվել թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանի կողմից՝ միաժամանակ կատարելով նրա հանվել-հագնվելու երեքանգամյա հրամանը:
Հայտնվում է նաեւ, որ Վ. Կարապետյանը մեկ անգամ ծեծի է ենթարկվում ուշանալու համար, մեկ անգամ՝ հերթապահությունն ավարտելուց հետո զենքը չմաքրելու համար եւ մեկ անգամ` վրանի պատռվածքի համար:
Կամո Սարգսյանը մարտական հերթապահության ընթացքում ծեծի է ենթարկել ոչ միայն Վ. Կարապետյանին, այլեւ մյուս զինծառայողներին, բացառությամբ սանհրահանգիչի եւ եւս մեկ հոգու:
Ի դեպ, Կամո Սարգսյանի վրանը զինծառայողների շրջանում հայտնի է եղել որպես ,ռինգե: Վերջինս զինծառայողների դաստիարակության որպես հիմնական մեթոդ կիրառել է ծեծը, որը տեղի է ունեցել գումարտակի զինծառայողների գրեթե կեսի նկատմամբ:
Դիրքերից զորամաս տեղափոխվելուց հետո ուժեղ գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանը դիմել է բուժակին: Վերջինս նրան տվել է գլխացավի դեղեր, սակայն շարունակական գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանին տեղափոխել են Ալաշայի հոսպիտալ, մյուս օրը` Ստեփանակերտի, իսկ 2 օրից` ուղղաթիռով տեղափոխել են Երեւանի Մուրացանի հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին, նա ենթարկվել է վիրահատության: Այժմ Վ. Կարապետյանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական շրջանում:
Ծնողների պնդմամբ՝ իրենց չեն հայտնել որդու` հոսպիտալում գտնվելու, նրան բժշկական ծառայություն տրամադրելու եւ առողջական վիճակի մասին տեղեկություններ. միայն Երեւան տեղափոխված ժամանակ` վիրահատության նախորդ օրը, բուժքույրերից մեկը հեռախոսով տեղեկացրել է ծնողներին: Նրանց չի տրամադրվել նույնիսկ Վ. Կարապետյանի առողջական վիճակի մասին վկայող բժշկական փաստաթղթերը:
Բռնության դեպքի մասին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Վ. Կարապետյանի ծնողների 2 նամակներն էլ մնացել են անարձագանք:
Վ. Կարապետյանի ծնողները որդու նկատմամբ բռնության դեպքով հանդիպել են ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանդյանին, որը խոստացել է անպայման միջոցներ ձեռք առնել եւ պատժել մեղավորներին: Սակայն, Կամո Սարգսյանը շարունակում է մնալ ազատության մեջ եւ հայտնի չէ, թե արդյոք նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք: Ավելին, բողոքների քննության ընթացքի վերաբերյալ քննիչը /կոչումով մայոր, անունը՝ Արտաշ/ հայտնել է, որ Կամո Սարգսյանը գտնվում է զորավարժությունների մեջ, եւ նրա նկատմամբ հնարավոր չէ քննչական գործողություններ իրականացնել:
Հայտնի չէ նաեւ, թե արդյոք քննչական գործողություններ իրականացվել են մյուս զինծառայողներին ծեծի ենթարկելու փաստի ուղղությամբ: Եթե Կամո Սարգսյանը շարունակում է ծառայությունը, ապա գտնվելով նրա հսկողության ներքո՝ զինծառայողները քննչական մարմիններին ի վիճակի չեն լինելու ներկայացնելու բռնության մասին օբյեկտիվ եւ պատշաճ բացատրություններ:
Սա որակվում է որպես քննչական մարմնի անգործություն, որը միտված է հանցագործության ծավալները կոծկելուն ու միայն Վ. Կարապետյանի դեպքով քննությունը տանելուն:
Հերթական անգամ արձանագրում ենք ՀՀ զինված ուժերում սպայի կողմից զինծառայողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող դեպքը:
Հերթական անգամ պաշտպանական գերատեսչությունը չի տեղեկացնում հանցագործության մասին, որը հանգեցրել է զինծառայողների կյանքի համար ծանր հետեւանքների: Նման իրավիճակը ակնհայտորեն անհամարժեք է զինծառայության կանոններին:
Սույն հայտարարությամբ պահանջում ենք ապահովել դեպքի քննության հրապարակայնությունե: