Ինչն է դատախազություն-քննչական կոմիտե նոր հակամարտության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջգերատեսչական տարաձայնություններին, սակայն, ինչպես նկատում ենք, բանը հասել է այնտեղ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը դատախազի կայացրած որոշման համար դիմել է դատարան:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. մարտի 20-ին Շիրակի մարզի Ողջի համայնքում ոչխարի գողության դեպք էր արձանագրվել: Ինչ-որ մարդիկ մտել էին գյուղի բնակիչներից Սարգիս Ավագյանի անասնագոմ եւ շուրջ 490.000 հազար դրամի արժողությամբ 6 գլուխ ոչխար գողացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով եւ զգալի չափերով գաղտնի հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:

Ու մինչ քննիչը կհասցներ անցել իր գործողություններին` հասկանալով, թե ով կամ ովքեր են փորձել վատություն անել Սարգիս Ավագյանին` գողանալով նրա ոչխարները, զարմանալի շրջադարձ է տեղի ունեցել: Պարզվում է, որ մարտի 27-ին հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանը որոշում է կայացրել քրեական գործը քննող քննիչին հեռացնել վարույթից։ Իսկ թե ինչու, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Եւ, ահա, քննիչն էլ այլ ելք չունենալով՝ դիմում է գրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ փորձել դատարանի միջոցով արդարության հասնել: Այս դեպքը աննախադեպ է այնքանով, որ առաջին անգամ է քննիչը իրեն վերահսկող դատախազի որոշումը անհիմն համարում ու առավել եւս փորձում դատարանով արդարության հասնել:

Եվ այսպես, մեզ հաջողվեց պարզել, որ ըստ քննիչի` իրեն վարույթից հեռացնելով՝ խախտվել են իր սահմանադրական իրավունքները` անմեղության կանխավարկած եւ արդյունավետ պաշտպանության իրավունք: «Ես զրկված եմ եղել ինձ մեղսագրվող առերեւույթ դատավարական իրավախախտումներում իմ մեղավորությունը վիճարկելու եւ դրանց վերաբերյալ բացատրություններ տալու եղանակով պաշտպանվելու իրավունքից: Զրկվել եմ ինձ մեղսագրվող առերեւույթ խախտումները վիճարկելու եւ պաշտպանվելու նպատակով դրանց շուրջ բացատրություններ ներկայացնելուց: Ավելին՝ անմեղության կանխավարկածը խախտվել է նաեւ այն տեսանկյունից, որ ինձ վերագրվել է առերեւույթ դատավարական խախտում այնպիսի քննչական գործողության համար, որը կատարել է քննչական խմբի այլ քննիչ»,- գրել է քննիչը:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու համար նախ դիմեց ՀՀ քննչական կոմիտե: Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց. «Կոնկրետ քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից քննիչը հեռացվել է վարույթից, ինչի մասին նա իմացել է որոշման կայացումից հետո: Քննիչը համամիտ չէ դատախազի գնահատականների եւ իրավական մեկնաբանությունների հետ ու կարծում է, որ այդպիսով խախտվել են իր սահմանադրական իրավունքները, անմեղության կանխավարկածը, կասկածի տակ դրվել մասնագիտական արժանապատվությունն ու միաժամանակ զրկվել արդյունավետ պաշտպանության իրավունքից: Քննիչը, օգտվելով իր իրավունքներից, բողոք է ներկայացրել դատարան: Արտառոց ոչինչ չկա, դատարանի իրավական վերլուծությունը, կարծում եմ, կնպաստի իրավակարգավորումների հստակեցմանը»:

Զրուցեցինք նաեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ, ով, բնականաբար, փորձեց արդարացնել քննիչի համար անցանկալի որոշում կայացրած դատախազին: Նա նախ հայտնեց, որ բողոքի հեղինակ քննիչի կողմից մեկ այլ քրեական գործով թույլ տրված ենթադրյալ կեղծիքների կապակցությամբ մարզի դատախազությունը դեռեւս սույն թվականի մարտ ամսին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, եւ ներկայումս իրականացվում է նախաքննություն: Ասել է թե` դատախազը կարող էր կասկածներ ունենալ այդ քննիչի մասով:

«Քննիչը դատախազի կողմից իրեն քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշում կայացնելն ընկալել է որպես իր, այսպես կոչված, մասնագիտական արժանապատվության իրավունքի խախտում եւ իր կողմից քննված քրեական գործի շրջանակներում փորձելով հանդես գալ որպես քաղաքացի` քրեադատավարական պաշտպանության միջոցների կիրառման մեխանիզմներ նախատեսող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով ամրագրված դրույթի վկայակոչմամբ դիմել է դատարան, ինչն ընդհանրապես քննիչ-դատախազ փոխհարաբերությունների նկատմամբ չի կարող կիրառելի համարվել»,- հայտնեց Րաֆֆի Ասլանյանը:շ

Ըստ նրա՝ դատախազի կողմից քննիչին որեւէ հանցագործություն կամ այլ իրավախախտում չի մեղսագրվել, այլ արձանագրվել է նրա կողմից թույլ տրված կոպիտ դատավարական խախտումը. «Քննիչն իր արարքը հիմնավորել է այն հանգամանքով, որ դատախազի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քննիչի կողմից բողոքարկման ենթակա չէ, եթե նույնիսկ քննիչը դրա հետ համաձայն չէ: Մինչդեռ քննիչի կողմից նշվածն առարկայական հիմնավորում չի կարող ունենալ եւ նման տրամաբանության պայմաններում նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում կայացվող ցանկացած որոշման կարելի է վերագրել արժանապատվությունը նվաստացնող բնույթ, իսկ քննիչին` դրա զոհ հանդիսացող քաղաքացու կարգավիճակ»:

Շիրակի դատախազի խոսքով` դատախազի կողմից կայացվել է օրինական եւ հիմնավորված որոշում. «Ուստի նշվածի համատեքստում ակնհայտ է, որ որպես քաղաքացի հանդես եկող քննիչի կողմից դատախազի որոշման դեմ բողոք ներկայացնելը հետապնդում է քրեադատավարական օրենսդրությամբ բողոքարկման ոչ ենթակա դատախազական ակտերի դատական բողոքարկման նախադեպային պրակտիկա ձեւավորելու ոչ իրավաչափ նպատակ, այլ ոչ թե ուղղված է սեփական իրավունքների պաշտպանությանը, քանի որ վիճարկվող որոշումը կայացվել է բացառապես նախաքննության շահերից ելնելով»:
Թե ինչ հանգուցալուծում կստանա այս վեճը, ավելին` իրավական համակարգի գիգանտներից որի կողքին կկանգնի դատարանը եւ ում օգտին վճիռ կկայացնի, դժվար է ասել: Բայց որ նման գործընթաց է սկսվել, արդեն հետաքրքիր է:

Քնար Մանուկյան




Լրահոս