«Նույնիսկ թշնամին ունակ չէ այս աստիճան անտեսել ժողովրդին». արվեստագետները դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլէկտրաէներգիայի թանկացման հայտով դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` պահանջելով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: Առաջիկա թանկացման մասին լուրերը հասարակության շրջանում բողոքի ալիք են բարձրացրել: Իրենց դժգոհությունը հայտնելուց զերծ չեն մնում նաեւ արվեստագետները:

ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի խոսքով` ամբողջ զավեշտն այն է, որ ժողովրդի, որոշ քաղաքական, տնտեսական գործիչների ընդվզումը դրական արդյունք չի տալիս. որոշողներն ընդամենը մի քանի հոգի են. «էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի արտագաղթի էլ ավելի մեծ տեմպերի, չքավորության եւ հուսահատության: Ես պարզապես խոսքեր չեմ գտնում նկարագրելու, թե մարդկային ագահությունն ինչ սահմաններ կարող է ունենալ: Մի՞թե նման որոշում կայացնելու մասին մտածողներն այս աստիճան չեն սիրում մեզ բոլորիս եւ իրենց հայրենիքը, նույնիսկ թշնամին ունակ չէ այս աստիճան անտեսել ժողովրդին: Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում` դատարկել Հայաստանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց դերասանուհին:

Նրա համոզմամբ` որպեսզի հասարակությունը միաբանվի խնդրի շուրջ, կարիք ունի առաջնորդի, այլապես բողոքի ալիքը շատ արագ կմարի. «Բոլոր լիդերները կա՛մ «վերանում են», կա՛մ պայքարի կեսից ետ են դառնում: Ես կարծում եմ, որ այս ամենն իր վերջը կունենա, բայց արդյո՞ք մինչեւ վերջին հասնելը մեր վերջը չի գա…»,-ափսոսանքով նշեց դերասանուհին:

ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ էլեկտրաէներգիայի թանակցումը կհանգեցնի շղթայական ռեակցիայի, որի հետեւանքով կգրանցվեն այլ թանկացումներ եւս, իսկ մեր ժողովուրդը դրան պատրաստ չէ. «Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրները պատրաստ չեն թանկացումների, ուր մնաց մեր երկիրը պատրաստ լինի: Ճիշտն ասած` արդեն շուրջ մեկ շաբաթ է` գյուղացուց մինչեւ քաղաքացի, բանվորից մինչեւ արվեստագետ անհանգստացած ենք եւ ելք չենք տեսնում…Փորձը ցույց է տվել, որ սոցիալական ընդվզումը նման պարագաներում արդյունք չի տալիս: Խնդիրը բարդ է, եւ ես դժվարանում եմ որեւէ «դեղատոմս» առաջարկել»,-եզրափակեց նկարիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս