ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի վերահսկողության արդյունքում ՀՀ վերահսկիչ պալատը որոշակի խախտումներ է բացահայտել, ընդ որում, հաճախ դրանք կրել են պարբերական բնույթ: Օրինակ` ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ը արդեն մի քանի անգամ ՀՀ վերահսկիչ պալատի տեսադաշտում է հայտնվում: Սակայն չնայած ՎՊ-ի կողմից խախտումների արձանագրմանը` ԾԻԳ-ը նույն կերպ շարունակում է իր գործունեությունը եւ մնում անպատիժ:
Տեղեկացնենք, որ ՀՀ եւ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ համագործակցության շրջանակներում 1995 թվականից ի վեր ԳԶՄՀ-ի միջոցներով ՀՀ-ում իրականացվում են թվով 6 ծրագրեր` 78.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Այդ միջոցները կենտրոնացվում են երկրի ամենաաղքատ գյուղական համայնքներում, հիմնականում բարձրավանդակներում եւ սահմանամերձ շրջաններում: ԳԶՄՀ հետ համագործակցության շրջանակներում ավարտված եւ ընթացիկ կարեւորագույն ծրագրերից են՝ «Գյուղական կարողությունների ստեղծման», «Շուկայական հնարավորություններ ֆերմերների համար» եւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերը:
Նշենք, որ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագիրն ունի «Ենթավարկեր» ենթաբաղադրիչ, որի նպատակն է ենթավարկերի տրամադրում այն ծրագրերի համար, որոնք ուղղված են փոքր եւ միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, ֆերմերների եւ գյուղական ձեռնարկատերերի` շուկաներից օգտվելու հնարավորությունների բարելավմանը, գյուղական տարածքներում շուկայական ուղղվածություն ունեցող մասնավոր եւ հասարակական ներդրումների խթանմանը: Եւ նշված աշխատանքներն իրականացնելու համար առեւտրային երկու բանկից եւ 5 ունիվերսալ վարկային կազմակերպությունից ներկայացվել է փոխառության տրամադրման 92 հայտ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ֆինանսական միջոցները ԾԻԳ-ին տրամադրվել են տարեկան 0,75 տոկոսադրույքով, իսկ ԾԻԳ-ն իր հերթին բանկերին եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններին գումարը տրամադրել է ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4, իսկ ՀՀ դրամի դեպքում՝ 9, 9.75 եւ 10 տոկոս դրույքաչափով: Բանկերն ու ունիվերսալ վարկային կազմակերպություններն էլ իրենց հերթին գյուղացիներին կամ ընկերություններին ենթավարկերը տրամադրել են ԱՄՆ դոլարի դեպքում՝ 10-14, ՀՀ դրամի դեպքում՝ 14-17.7 տոկոս դրույքաչափերով:
ՎՊ-ի կողմից իրականացված վերահսկողության ժամանակահատվածում ֆինանսավորվել է 86 ենթավարկ՝ 752 հազար 600 դոլարի եւ 102 մլն 550 հազար դրամի չափով: Եւ վարկային միջոցների 97 տոկոսը տրամադրվել է ֆիզիկական անձանց:
Ենթավարկերը տրամադրելիս նախնական մոնիտորինգ հիմնականում չի իրականացվել, ինչի արդյունքում վարկի օգտագործման նպատակայնությունը ՎՊ-ի համար հնարավոր չի եղել պարզել:
Օրինակ՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակչին տրամադրվել է տարեկան 12 տոկոս դրույքաչափով 19.3 հազ. ԱՄՆ դոլար վարկ՝ 20 կով ձեռք բերելու համար: Գյուղացին գրավադրել է իր բնակելի տունն ու հողամասը, անասնաշենքը եւ շահագործվող տրակտորը: ՎՊ-ն հնարավորություն չի ունեցել պարզելու՝ տվյալ անձը նախապես ունեցել է կով, թե ոչ: Բացի այս, նշված ֆիզիկական անձը չի ունեցել վարկային միջոցներով կատարված ծախսը հիմնավորող որեւէ փաստաթուղթ, հետեւաբար հնարավոր չի եղել նաեւ պարզել, թե վարկային միջոցներն իրականում ինչ նպատակով են ծախսվել:
Ի դեպ, ծրագրի շրջանակներում տարբեր իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին տրամադրված ենթավարկերից թվով 41-ի դեպքում յուրաքանչյուր ենթավարկի չափը կազմել է 30 հազար ԱՄՆ դոլար եւ ավել: Սակայն տրված ենթավարկերից 13-ի դեպքում տնտեսվարողը, մինչեւ ենթավարկի մարելը, լուծարվել կամ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Իսկ վարկի հետագա մարումների մասին` ոչ մի տեղեկություն:
ՎՊ-ի կողմից ընտրանքային կարգով ուսումնասիրվել է 19 ենթավարկ, որից 11-ում շեղում չի հայտնաբերվել, իսկ 8-ը չի համապատասխանել ծրագրով սահմանված պահանջներին: Մասնավորապես, 50 հազար ԱՄՆ դոլարը տրվել է բեռնատար մեքենա եւ կցորդ գնելու համար, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ կցորդը չի գնվել, իսկ բեռնատարը գնված է եղել դեռ մինչեւ վարկի տրամադրումը:
Մեկ այլ օրինակ՝ ապակեպատ ջերմոց կառուցելու համար ֆիզիկական անձին տրամադրվել է 25 հազար ԱՄՆ դոլարի վարկ, սակայն վերջինս այդպես էլ այն չի կառուցել: ԾԻԳ-ի կողմից իրականացված «մոնիտորինգի» փաստաթղթերով արձանագրվել է, որ անձը ստացված վարկային միջոցների հաշվին հիմնադրել է «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ն եւ մասնակցել «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից ջերմոցների ցուցադրական տեղամասի կառուցման աշխատանքներին: Սակայն ՎՊ-ի կողմից ֆինանսների նախարարությանն արված հարցմամբ պարզվել է, որ «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ն հիմնադրված է եղել նշված վարկը ստանալուց դեռեւս երկու տարի առաջ: Դեռ ավելին՝ ջերմոցի ցուցադրական տեղամասի կառուցման աշխատանքներին «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի մասնակցության փաստը հիմնավորող որեւէ փաստաթուղթ ընկերությունը չի կարողացել ներկայացնել:
Ըստ ՎՊ-ի՝ որոշ դեպքերում պարզապես անտեսվել է ենթավարկի բուն նպատակը: Ենթավարկառուի բանավոր հայտարարությունն ընդունվել է որպես պաշտոնական հիմնավորում: Ենթավարկի գումարի չափի հիմնավորվածությունը մի շարք դեպքերում չի ստուգվել: Համարժեք աշխատանքների համար տրվել են տարբեր չափի վարկեր:
Այսպիսով` ստացվում է, որ տվյալ դեպքում ԾԻԳ-ը ստանձնել է միջնորդ բանկի գործառույթներ` ակնկալելով ոչ փոքր շահույթներ, սակայն, այդուհանդերձ, չի վերահսկել վարկերի տրամադրման ընթացքը: Մինչդեռ խոսքը պետության կողմից երաշխավորված ֆինանսական ռեսուրսների տնօրինման մասին է:
Սյունէ Համբարձումյան