ԵՐԱՆԻ ՏՐԱՄՎԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի խմբագրություն այցելած Քանաքեռ-Զեյթուն թաղամասի բնակիչ 73-ամյա կենսաթոշակառու, նախկին մանկավարժ Կարապետ Մելքոնյանն իր վրդովմունքն է հայտնում  մայրաքաղաքի տրանսպորտի անմխիթար վիճակից: Նրան անհանգստացնում են  ոչ միայն  “բեռնված, լխկված, խցկված մարշրուտկաները”, այլեւ դրանց արտանետած թունավոր գազերն ու երթուղայինների սակագների ակնկալվող թանկացումները:
“Մեր իշխանավորները խելքները թռցրել են: Վերցրին տրամվայի գիծը հանեցին: Տրոլեյբուսների թիվը կրճատեցին: Տեսնես` ինչ են մտածում դրանք: Էկոլոգիապես մաքուր, տնտեսապես շահավետ էլեկտրական տրանսպորտային միջոցները Երվանդ Զախարյանը հանեց, փոխարենն էս ոչ ու փուչ մարշրուտկաները մեջտեղ բերեց: Չգիտես, թե ումից ես բռնվում, ով է քեզ հրմշտում, ում կնոջն ես կպնում: Վարորդներն էլ էնպիսի սլացքով են գնում, մարշրուտկան շրջվում է: Դրանք հո վարորդնե՞ր չեն, 100-դրամանոց քիլլերներ են: Իսկ իշխանիկներն էլ հիմա նստել ու որոշել են, որ քաղաքային տրանսպորտի գինը պետք է թանկացնեն: Ինչի՞ հույսով: Երկու կոպեկ փող են աշխատավարձին ավելացնում, հազար բան են թանկացնում: Էս նախագահն ի՞նչ է մտածում: Փոխանակ մետրոյի կայարաններն ավելացնի, տրամվայի գծերը վերականգնի ու տրոլեյբուսների ուղեգծերը շատացնի, վերցնում գինն է թանկացնում: Ա՛յ իշխանիկներ, խելքի՛ աշեցեք, այս երկիրը մի՛ կործանեք”,-վրդովված հորդորում է նախկին մանկավարժը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս