«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գալիք շաբաթը Հայաստանի համար անչափ կարեւոր է լինելու եւ, ըստ էության, կանխորոշելու է հետագա զարգացումները: Ինչպես հայտնի է՝ շաբաթվա ինտրիգը Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովն է, որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Ենթադրվում է, որ այդ օրերին կարող է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվել քաղաքական փաստաթուղթ:
Արդյոք այս կանխատեսումները կիրականան, պարզ կլինի մի քանի օրից: Իսկ մինչ այդ՝ մայիսի 18-ից 19-ը, սահմանադրական փոփոխությունները մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամները պետք է Փարիզում հանդիպեն Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին պետք է ներկայացնի սահմանադրական փոփոխությունների՝ արդեն իսկ մշակված փաստաթուղթը: Այս հանդիպումների հաջորդականությունը, բնականաբար, պատահական զուգադիպություն չէ: Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Ի վերջո, երկար ժամանակ է խոսվում այն մասին, որ սահմանադրական փոփոխություններն արվում են՝ արեւմտյան խոստումներն ի կատար ածելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: