«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հաջողվեց պարզել, թե մի քանի օր առաջ կոնկրետ ի՞նչ պատճառով և ում միջնորդությամբ է աշխատանքից ազատվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արայիկ Դավթյանը, ով այդ պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը մեկ ամիս:
Մեր տեղեկություններով, ազատման պատճառը Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի մասնակցությամբ միջադեպն է: Վերջինս ընտանիքի հետ մեքենայով վերադառնալիս է եղել Արցախից, և Գորիսում չափազանց մեծ արագությամբ ընթացող մի մեքենա վերջին պահին է կարողացել խուսափել աղետալի բախումից, բայց կոտրել է Սահակյանի մեքենայի հայելին: Պարզվել է վարորդը հենց ոստիկանապետ Դավթյանն է, ով, ըստ լուրերի, խմած է եղել և ոչ միայն ներողություն չի խնդրել, այլ նույնիսկ քաշքշոց է հրահրել Սահակյանի հետ: Սահակյանը տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջինս էլ ազատել է կարգազանց միլպետին: Սահակյանը երեկ կտրականապես հերքում էր սույն տեղեկությունները: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հայտարարեց, թե Գորիսի միլպետի պաշտոնանկության վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն տվել են, ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։