Շուտով ՀՀ ԱԻ նախարարությունը կունենա մշակույթի տուն` նախատեսված ԱԻ համակարգի աշխատակիցների երեխաների և թոռների գեղագիտական կրթության և ժամանցի համար։
Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական շենքին կից, որտեղ վերջերս ավարտված հիմնանորոգումից հետո տեղակայվել է նաև ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը, արդեն գրեթե պատրաստ է ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնը։
Այսօր մշակույթի նորակառույց տուն էր այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` ծանոթանալու շենքի վերանորոգման ու տարածքի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Մանրամասն ուսումնասիրելով կատարված լայնածավալ աշխատանքը` նախարար Ա. Երիցյանը հրահանգեց շուտափույթ սկսել շենքի կահավորումը: Մոտ ապագայում կլուծվի նաև շենքի ջեռուցման համակարգի խնդիրը, որպեսզի ԱԻՆ աշխատակիցներն իրենց երեխաների առողջության համար ապահով լինեն:
ՀՀ ԱԻՆ մշակույթի պալատի տնօրեն Կարինե Ոսկանյանն ասաց, որ 6 տարեկանից բարձր երեխաները բոլոր անհրաժեշտ պայմանները կունենան իրենց արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար: Երեխաների համար կբացվեն մի շարք օգտակար և հետաքրքիր ստեղծագործական խմբակներ: Մասնավորապես կգործեն վոկալի, նկարչության, տարբեր ոճի պարերի (լատինոամերիկյան, հիփ-հոփ, այլ ժամանակակից և տարբեր ազգերի ժողովրդական) և արվեստի այլ ճյուղերի խմբակներ: Մշակույթի կենտրոնում կանցկացվեն նաև վարսահարդարման, համակարգչային և առաջին բուժօգնության դասընթացներ:
ՀՀ ԱԻՆ մշակույթի նոր տունը կբացվի նոյեմբերի վերջին: Ստուգայցի ընթացքում ԱԻ նախարարը եղավ նաև նույն տարածքում գտնվող Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում` տեղում ծանոթանալու հրշեջ փրկարարների աշխատանքային և կենցաղային պայմաններին։ Չնայած վերոնշյալ ջոկատի տարածքն ու շենքը վերջերս են հիմնովին վերանորոգվել` Ա. Երիցյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բարդ աշխատանք կատարող և կյանքը հաճախ վտանգի ենթարկող հրշեջ-փրկարարների համար պետք է ստեղծվեն աշխատանքի և հանգստի բոլոր անհրաժեշտ հարմարությունները։