Դիլիջանը եւ հարակից 6 գյուղերը` Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, համայնքների խոշորացման ծրագրով պետք է միավորվեն, դառնան մեկ համայնք: Մայիսի 17-ին այդ նպատակով 7 համայնքներում պետք կայանան տեղական հանրաքվեներ: Ադրբեջանից փախստականներով բնակեցված, 289 բնակիչ ունեցող Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դեմ էր արտահայտվել համայնքների խոշորացմանն ու իրենց գյուղը Դիլիջան քաղաքի հետ միավորվելուն:
Սակայն հիմա Իջեւանից 30, իսկ Դիլիջանից 28 կմ հեռավորության վրա գտնվող Աղավնավանքի գյուղապետը փոխել է իր դիրքորոշումը եւ խնդրի վերաբերյալ այլ կարծիք ունի: 2001 թվականից ՀՀԿ անդամ, արդեն մեկ տարի Աղավնավանքը ղեկավարող Վ. Գրիգորյանն ասում է, որ իրենց համայնքի տարեկան բյուջեն 5 միլիոն 100 հազար դրամ է, որը բավարարում է գյուղապետարանի աշխատակիցներին աշխատավարձ վճարելուն: Նրա խոսքերով՝ պլանավորված է, որ համայնքների խոշորացումից հետո համայնքում ներդրումներ են լինելու, եւ գյուղի հիմնախնդիրները լուծվելու են:
Աղավանավանքի համար հատկապես կարեւոր է խմելու ջրի հիմնահարցի լուծումը: Վ. Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե համայնքների խոշորացումից հետո իրենց գյուղում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով եւ ի՞նչքան ֆինանսական ներդրումներ են կատարվելու: Նա ասաց, որ դա իրեն հայտնի չէ, եւ հավելեց՝ «հո օդում չե՞ն ասում»:
Խոսքը վերաբերում էր ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ այլ պաշտոնյաների հավաստիացումներին, որ համայնքների խոշորացումից հետո ենթակառուցվածքների բարելավում է լինելու, եւ աշխատատեղեր են ստեղծվելու: Մեր հարցին, թե համայնքների խոշորացումից հետո ինքը ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու, չէ որ 2014թ. համագյուղացիների վստահության քվեն ստանալով՝ ինքը 4 տարի պետք է պաշտոնավարի որպես համայնքի ղեկավար, Աղավնավանքի գյուղապետն ասաց, որ միավորումից հետո երեւի կաշխատի որպես համայնքի վարչական ներկայացուցիչ:
Իսկ Դիլիջանից 9 կմ հեռավորությամբ գտնվող Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանն էլ ասաց, որ համայնքների խոշորացաման վերաբերյալ իր կարծիքը չի պարտադրում համագյուղացիներին, թող յուրաքանչյուրն ինքը որոշի: Նա նաեւ նկատեց, որ Հայաստանի անկախացումից հետո պաշտոնյաները շատ խոստումներ են տվել, ապա դրանց մասին մոռացել: Արդյունքում` ժողովուրդը թերահավատ է դարձել թե՛ այդ խոստումների, թե՛ դրանք տվողների հանդեպ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ