Երկրի տնտեսությունը՝ դագաղային լռության մեջ. որքան է կազմել գնաճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի ապրիլին, մարտի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում: Ըստ ԱՎԾ-ի՝ սա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկմամբ: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները չեն արտացոլում իրականությունը:

Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 1.9 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 1.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 4.6 տոկոս: Իսկ, ահա, այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 4.8 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 4.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 7.0 տոկոս:

Ըստ ԱՎԾ-ի՝ մեր հանրապետությունում այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի, ձկնամթերքի, ձվի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի ապրանքախմբերի գնանկումով: Նշենք, որ միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կաղամբի 0.8, սնկի 4.5, ճակնդեղի 6, գազարի 10, լոլիկի 10.8, կանաչ պղպեղի 15.9 տոկոս գնաճ: Ձկնամթերքի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել. այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 11, իսկ 2015 թվականի մարտի համեմատ` 5.3 տոկոս գնանկում: Հավկիթի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել. այստեղ 2015 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գինը 0.9 տոկոսով նվազել է, իսկ 2015 թվականի մարտի համեմատ՝ 4.4 տոկոսով:

Թեեւ վերջին մի քանի ամիսներին քաղաքացիները պարբերաբար դժգոհում են շաքարավազի բարձր գնից, այնուամենայնիվ, ԱՎԾ-ի տվյալներով՝ շաքարավազի հանրապետական միջին գինը, այս տարվա մարտի համեմատ, 3 տոկոսով նվազել է: Սակայն 2015 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, այն 4.5 տոկոսով աճել է:

Մարդու համար ամենակարեւոր, առաջին անհրաժեշտության սննդատեսակի՝ հացամթերքի շուկայում 2015 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 7.3 տոկոս գնաճ, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնանկում: ԱՎԾ-ի այս վերջին արձանագրումը, զարմանալիորեն, նկատելի չէ հանրապետության խանութներում եւ սուպերմարկետներում: Բացի այս, պարզվում է, որ 2015 թվականի ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է նաեւ բլղուրի 1.5, բրնձի 1.7, լոբու 1.7, ոսպի 1.8, սիսեռի 1.9 տոկոս գնաճ: Մսամթերքի շուկայում նույնպես այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, գրանցվել է 6.9 տոկոս գնաճ, իսկ 2015 թվականի մարտի համեմատ` 0.7 տոկոս գնանկում:

Տեղեկացնենք, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է կիսաապխտած երշիկի 4.0, հավի բդի 3.9, խոզի մսի 3.7, տավարի փափկամսի 2.6, տավարի մսի պահածոյի 2.6, բարձր տեսակի ապխտած երշիկի 2.1, խոզապուխտի 1.6, նրբերշիկի 1.4, այլ մսեղենի 1.3, բաստուրմայի 0.8 տոկոս գնանկում: Մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների ներկայացմամբ` նշված ապրանքատեսակների գնանկման պատճառը թույլ առեւտուրն է: Միաժամանակ, ոչխարի մսի եւ թռչնամսի գներն աճել են 0.1 եւ 2.5 տոկոսով:

Կաթնամթերքի շուկայում 2015 թվականի ապրիլին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 7.8 տոկոս գնաճ: Սակայն ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա մարտի համեմատ գրանցվել է 0.7 տոկոս գնանկում:

Մրգի շուկայում այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 23.7, իսկ 2015 թվականի մարտի համեմատ` 3.3 տոկոս գնաճ: Մասնավորապես տանձի գինը 8.3 տոկոսով, նարնջինը 11.5-ով, նռանը 14.1-ով, խնձորինը 19.1-ով աճել է: Մայրաքաղաք Երեւանում մրգի գները, ընդհանուր առմամբ, 3.4 տոկոսով աճել են: Հրուշակեղենի շուկայում նույնպես այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճ է արձանագրվել. այն կազմում է 17.5 տոկոս: Իսկ 2015 թվականի մարտի համեմատ գրանցվել է 0.8 տոկոս գնաճ:

Այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում եւս գնաճ է արձանագրվել` կազմելով 1 տոկոս: Աճել են նաեւ տեքստիլեղենի, կահույքի, գեղահարդարման ապրանքների, գորգեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, շինանյութերի գները:

«Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ի հրապարակած տվյալների շուրջ զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, ով հայտարարեց, որ ինքը երբեւիցե վիճակագրական ծառայության ներկայացրած թվերին չի վստահել:

«Իրենք գների ինդեքսի այդ զամբյուղը հաշվում են իրենց համար մատչելի, հարմար գների տեսանկյունից, ապրանքատեսակների կտրվածքով: Բոլոր դեպքերում, բնականաբար, ստացված թվերը չեն արտացոլում այն իրական վիճակները, որոնք մենք ունենք կյանքում: Այս առումով զավեշտալի է, երբ քաղաքացին պարզապես չի կարողանում ամենահասարակ ապրանքատեսակների կտրվածքով գնումներն իրականացնել: Կյանքը նայեք»,- հորդորեց Բոստանջյանն՝ ընդգծելով, որ մենք ունենք բնակչության խոցելի շատ մեծ շերտ:

Նրա խոսքերով,, որոնք երբեւիցե հավատ չեն ներշնչում: «Ժողովուրդ»-ը տնտեսագետից հետաքրքրվեց՝ առաջիկայում մեր երկրի տնտեսությունում ինչպիսի՞ զարգացումներ կարելի է ակնկալել: Ի պատասխան՝ Բոստանջյանն ասաց. «Զարգացումների մասին ամաչում եմ խոսել: Հիմա մեր երկրի տնտեսությունը գտնվում է խորը, մահացու, դագաղային լռության մեջ: Երկրի ղեկավարները մի՞թե չեն կարողանում դա հասկանալ, թե՞ ձեռքները լվացել են այս երկրից: Եւ այս վիճակում սպասել մի հրաշքի, առնվազն միամտություն կլինի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս