Նույնիսկ եղել են բժիշկներ, որոնք վստահեցրել են, թե վիրահատել են իմ քիթը. Յանա Դանիելյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստահաղորդավարուհի Յանա Դանիելյանը ցանկություն ունի կրկին հանդես գալ սերիալում, այս անգամ իրական կյանքում իրենից շատ տարբերվող կնոջ կերպարում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, թե ինչու է թողել դասական երաժշտությունը, խոստովանել է, որ միայն խոհանոցային հաղորդման շրջանակներում չէ հրաշքներ գործում: Յանան անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ պտտվող խոսակցություններին, մասնավորապես` անհաջող պլաստիկ վիրահատությունների ենթարկվելու մասին լուրին:

-Յանա՛, քչերը գիտեն, որ Դուք երաժշտական կրթություն ունեք, մասնագիտությամբ դաշնակահարուհի եք, ինչո՞ւ թողեցիք երաժշտության ոլորտը:

-Այսօր միայն մեր հարեւաններն են լսում իմ նվագը, ասեմ, որ ժամանակ առ ժամանակ շատ եմ կարոտում այդ աշխարհը: Դասական երաժշտությամբ զբաղվելն ինձ համար երբեւէ հոբբի չի եղել, այլ մասնագիտություն: Ես ունեմ ամենատարբեր միջազգային մրցույթների մրցանակներ, բայց այդ մասին քչերը գիտեն: Պարզապես դասական երաժշտության ասպարեզում գործելը, հատկապես տարիներ առաջ, մի փոքր անշնորհակալ գործ էր, ժամանակին դասական երաժիշտները ստեղծագործում էին, համերգներ ունենում, սակայն չէին կարողանում դահլիճներ լցնել, իսկ ես սիրում եմ կյանքում գնահատված լինել: Ուստի ընտրեցի մի աշխատանք, որը տվեց ինձ այդ հնարավորությունը:

1366183683_1991061_ts1366183743

-Հետաքրքիր է` ինչպես հեռուստածրագրի շրջանակներում, տա՞նն էլ եք խոհանոցում հրաշքներ գործում:

-Երբ նոր-նոր էի սկսել խոհանոցային հաղորդում վարել, ոչ ոք չէր պատկերացնում, որ ես, առհասարակ, դանակ բռնել գիտեմ, այնինչ, ես փոքրուց շատ սիրել եմ խոհանոցը, ընդ որում, ինձ միշտ հետաքրքրել են տարբեր երկրների խոհանոցները, ուստի աշխատանքից վերադառնում եմ եւ նույն գործը շարունակում եմ անել տանը:

-Ի դեպ, Ձեր ամուսնու` հաղորդավար Սուրեն Փահլեւանյանի քիմքի պահանջները հեշտությա՞մբ եք բավարարում:

-Այո՛, նա սիրում է հայկական ավանդական ուտեստներ, իսկ իմ առաջարկած տարբեր երկրների ճաշատեսակները, որոնք պատրաստելն ավելի մեծ ջանքեր է պահանջում, դժվարությամբ է ընդունում, այնպես որ իմ գործն այդ առումով ավելի հեշտ է:

big_1339062798_1791563_ts1339062990

-Ձեզ երբեմն ներկայացնում են որպես դերասանուհի, հետաքրքիր է` դա Ձեզ չի՞ պարտավորեցնում: Սերիալներում խաղալու առաջարկ էլի ունե՞ք, Ձեզ ի՞նչ կերպարում եք պատկերացնում:

-Քանի որ ես հիմա աշխատում եմ որպես հաղորդավարուհի, զբաղվածությունս թույլ չի տալիս դրան զուգահեռ դերասանությամբ զբաղվել, միեւնույն ժամանակ դեռ այնպիսի առաջարկ չեմ ստացել, որ հավանության արժանացնեմ այն, հակառակ դեպքում, եթե ժամանակս ներեր, մեծ սիրով կխաղայի: Շեշտեմ, որ ես երբեք ինձ դերասանուհի չեմ համարել, սերիալում նկարահանվելը պարզապես փորձ էր, ոմանց կարծիքով՝ ստացված, ոմանց կարծիքով` ոչ: Իսկ, առհասարակ, շատ կցանկանայի իրական կյանքում ինձնից շատ տարբերվող կնոջ կերպար մարմնավորել:

-Յանա՛, երբեմն Ձեզ նմանեցնում են բարբի տիկնիկի, իսկ «տիկնիկներին» մեր հասարակության մեջ լուրջ չեն ընդունում…

-Ովքեր ինձ ճանաչում են, հասկանում եւ ընդունում են ինձ ոտքից գլուխ: Առհասարակ, իմ արտաքինի մասին շատ տարբեր կարծիքներ եմ լսել, վերջերս էլ լրատվամիջոցները իրենց համար բարձր վարկանիշ ապահովելու նպատակով սխալ տեղեկություններ են տարածում այդ առնչությամբ…

big_1398690479_9232275_ts1398692447

-Այո՛, կայքերից մեկը գրել էր, որ մի քանի պլաստիկ վիրահատական միջամտությունների եք դիմել, որոնք անհաջող արդյունք են ունեցել…

-Այդ խոսակցություններն ինձ համար շատ վիրավորական են, նույնիսկ եղել են բժիշկներ, որոնք վստահեցրել են, թե իրենք վիրահատել են իմ քիթը: Իսկապես շատ զարմացել եմ. ես ոչ մի վիրահատության երբեւէ չեմ դիմել: Իմ մայրն ուկրաինացի է, դիմագծերս նրանից եմ ժառանգել, իսկ կայքերում ուղղակի անհաջող նկարներ են տարածվում, եւ հետո մարդիկ մոռանում են, որ դիմահարդարման միջոցով կարելի է արտաքինի մեջ զգալի փոփոխություններ ունենալ: Տարբեր տեսակի խոսակցություններից, այնուամենայնիվ, երբեմն վրդովվում եմ, բայց ամուսինս խորհուրդ է տալիս դրանք թեթեւ տանել, քանի որ հայտնի անձանց պարագայում այս երեւույթը սովորական բնույթ է կրում:

-Իսկ երկրորդ բալիկ ունենալու մտադրություն դեռ չունե՞ք:

-Շատ կուզենամ տղա ունենալ, սակայն այս ժամանակահատվածում նման բան չենք պլանավորում. դուստրս` Ադելը, հիմա շատ խանդում է ցանկացած երեխայի, ուստի սպասում ենք նա մի քիչ մեծանա, հետո կմտածենք երկրորդ զավակի մասին…

Աննա Բաբաջանյան




Լրահոս